ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը չի պատրաստվում լքել Հայաստանը:
«Ստիպված էի նկատել դեղին մամուլի կողմից շրջանառվող բամբասանքը: Կեղծ լուրերի առուծախով զբաղվողներին հիասթափեցնեմ, որ ես և իմ ընտանիքն ապրում և շարունակելու ենք ապրել Հայաստանի Հանրապետությունում. ցանկացած ձևով կամ կարգավիճակով այն լքելու ո՛չ մտադրություն ունեմ, ո՛չ էլ՝ ցանկություն», - Aysor.am-ին ասել է Մնացականյանը:
«Իսկ իմ անձով հետաքրքրվողներին պարզապես հորդորում եմ՝ այսօր շատ ավելի կարևոր հարցեր կան, քան իմ անձի, իմ ընտանիքի մասին բամբասանքերը», - նշել է նա:
Հիշեցնենք, որ այսօր Mediaport-ի տելեգրամյան էջը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը պատրաստվում է ընտանիքը դուրս բերել Հայաստանից, ավելին՝ նոյեմբերի 20-ին նա կապ է հաստատել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ՝ խնդրելով աշխատանք տալ իրեն, Գուտերեշը խոստացել մտածել այդ ուղղությամբ: