Blognews.am- գրում է.
Մոսկվայաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը հայտնի դարձավ, երբ համացանցում տարածվեցին նրա դիմահարդարման տեսանյութերը, որտեղ անհավանական փոփոխությունների էր ենթարկում աղջիկներին: Պարզվում է՝ փոքր տարիքում նա երգչուհի էր ուզում դառնալ, իսկ մեզ հետ զրույցում պատմել է գործունեության և առաջիկա ամուսնության մասին:
- Գոհար, ուզում եմ մեր ընթերցողների համար պատմեք, թե ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց
- Ես տաս-տասներկու տարեկան էի, երբ թաքուն մայրիկիս շպարվելու պարագաները վերցնում էի, մայրս էլ միշտ զարմանում էր, թե ուր է կորում իր կոսմետիկան: Արդեն տասնհինգ տարեկանում սկսեցի դիմահարդարել ընկերուհիներիս և հարազատներիս: Երբ ընդունվեցի տնտեսական համալսարան, իմ տաղանդը գնահատեցին համակուրսեցիներիս, հետո էլ նրանց ընկերուհիները և ծանոթները: Ես սիրում էի այդ գործը, բայց երբեք չէի կարող մտածել դիմահարդարի կոչման մասին և որ այն կդառնա իմ կյանքի մի մասը:
- Գիտեմ, որ ժամանակին ուզում էիք երգչուհի դառնալ, ինչո՞ւ չիրականացրեցիք ձեր երազանքը
- Ես դեռ փոքրուց սիրել եմ երգել և ելույթ ունենալ բեմում: Ունեմ երաժշտական կրթություն՝ դաշնամուրի բաժնում եմ սովորել: Շատ սիրում եմ նվագել, երբ փոքր էի բոլորը վստահ էին, որ երգչուհի եմ դառնալու, բայց ինչպես ասում են ճակատագրից չես փախչի: Չիրականացրեցի երազանքս, քանի որ հասկացա, որ ինձ այլ շնորհ է տրված՝ մարդկանց երջանկություն և գեղեցկություն պարգևելու:
- Ձեր հարցազրույցներից մեկում պատմել էիք, երբ նոր էիք սկսում ստիպված էիք շատ խոչընդոտներ և դժվարություններ հաղթահարել, արդյո՞ք այդ ամենը չկոտրեց Ձեզ:
- Անկեղծ ասած, ժպիտը դեմքիս եմ հիշում այդ օրերը, երբ անվճար էի աշխատում՝ հանուն գովազդի և հաճախորդի: Քանի որ այն մարդկանց ում դու անվճար սպասարկում ես, հետո դառնում են քո հաճախորդները, նրանք էլ քեզ խորհուրդ են տալիս իրենց ծանոթներին, հարազատներին: Իհարկե եղել են արցունքներ, երբ հիասթափվում էի, բայց նորից ոտքի էի կանգնում: Ծանր ճամպրուկներից ձեռքերս ցավում էին, և երբ ամենաանհարմար պահին անձրև էր սկսում, ցուրտ էր և հարազատ մարդ չկար: Հիշում եմ, երբ հերթական հիասթափությունից հետո զանգեցի քույրիկիս և ասացի, որ այլևս չեմ կարողանում, նա էլ ասաց Գոհար, ուժեղ եղիր և հասիր քո նպատակին:
- Դուք երբեմն հրապարակում եք լուսանկարներ, որտեղ Ձեր դիմահարդարումը մեղմ ասած սարսափելի է: Շատերն այսօր իրենց անցյալը թաքցնում են, իսկ դուք ոչ: Ինչո՞ւ
- Իսկ ինչու պետք է ամաչեմ իմ անցյալից, հակառակը՝ ես հպարտանում եմ իմ աշխատանքներով: Այդ փուլում ես դրանք համարում է լավը, բայց քննադատությունը շատ էր, իսկ ես հաճախ էի դրանից վիրավորվում: Ես հասկանում է նաև, որ եթե չլինեին այդ վատ մեկնաբանությունները, ես հիմա չէի լինի այս աստիճանի վրա: Ամեն անգամ, երբ նայում եմ իմ հին աշխատանքներին, հասկանում եմ, թե որքան հեռուն եմ գնացել:
- Գոհար ասում են՝ Ձեր ծառայությունները բավականին թանկ են, ինչպե՞ս եք որոշում գինը
- Իմ ծառայություններն անգին են, իսկ եթե ավելի լուրջ ամեն պրոֆեսիոնալ գիտի իր ծառայության գինը: Իմ կարիերայի սկզբում ես ունեի շատ էժան գներ, կարելի է ասել, որ ի վնաս ինձ էի աշխատում: Երբ արդեն հաճախորդներս շատ էին, հարազատ քույրս սկսեց զբաղվել իմ մենեջերությամբ և գրանցումներ էր անում: Այդ ժամանակ նա ինձ ասաց, որ այսպես երկար չեմ կարող աշխատել և հեռուն չեմ գնա: Նա էլ արեց առաջին քայլը և ծառայության գները բարձրացրեց: Այդ քայլով ես վախենում էի, որ կկորցնեմ իմ հաճախորդներին, բայց ի զարմանաս ինձ՝ նրանց քանակը երեք անգամ մեծացավ: Մեխանիզմն այսպես է, ինչպես սկզբում դնես, այնպես էլ կգնա:
- Գոհար իսկ հետևո՞ւմ եք հայկական շոու բիզնեսին և ունե՞ք արդյոք արտիստներ
- Ես ստեղծագործ մարդ եմ, բայց հեռուստացույց շատ հազվադեպ եմ նայում, քանի որ օրս շատ հագեցած է: Ցավոք չեմ հասցնում հետևել թե՛ ռուս և թե՛ հայկական էստրադային: Փոքր տարիքից իմ կուռքն է եղել Շառլ Ազնավուրը, ումով կարելի է միշտ հիանալ: Այս մարդու շնորհիվ Եվրոպայում գիտեն Հայաստանի մասին, նա այն մարդն է, ով պրոպագանդում է հայկական մշակույթը:
- Հայ արտիստներից, ո՞ւմ հետ կցանկանայիք համագործակցել
- Ես հաճույքով կաշխատեի Սիրուշոյի, Սիլվա Հակոբյանի, Լիլիթ Հովհաննիսյանի հետ. բացի այն որ նրանք գեղեցիկ են, ես հավանում են նրանց երգերը:
- Երբ ե՞ք վերջին անգամ եղել Հայաստանում և ի՞նչ առիթով
- Հայաստանում ես լինում եմ ամեն տարի, երբեմն էլ տարին մի քանի անգամ: Հաճախ առիթ են հանդիսանում ամառային արձակուրդները և բարեկամներիս հարսանիքները: Վերջին անգամ մեկ տարի առաջ եմ եղել՝ եղբորս հարսանիքին: Իսկ երկու տարի առաջ կարողացա լինել հիասքանչ Ղարաբաղում, ինչպես նաև Տաթևում:
- Ձեր կյանքի կարևոր իրադարձություններից մեկն էլ նշանադրությունն էր: Պատմեք մեր ընթերցողների համար, ինչպե՞ս ձեզ սիրելին գրավեց ձեր սիրտը
- Ամեն ինչ պանրից սկսվեց: Նա ինձ գերեց իր բարիությամբ, մենք նրա հետ ծանոթացանք բարեգործական երեկոյի ընթացքում: Մենք գնում էինք տարբեր նվերներ,որոնք պատրաստել էին մանկատան երեխաները: Մեր հայացքները հանդիպեցին, երբ ես թաքուն պանիր է ուտում, այդ ժամանակ ես և նա ծիծաղեցինք, այդպես ամեն ինչ սկսվեց: Նա շատ հանգիստ, իմաստուն, բարի, անկեղծ տղամարդ է: Նա ինձ դարձնում է աշխարհի ամենաերջանիկ մարդն այս կյանքում:
- Երբ ե՞ք պատրաստվում ամուսնանալ
Հարսանիքը նախատեսում ենք անել սեպտեմբերի սկզբին, շուտով կսկսենք պատրաստվել: Մնացածը գաղտնի կպահեմ
- Գոհար դուք ունեք ամեն ինչ լիարժեք երջանկության համար, կամ գուցե ինչ-որ բան ամեն դեպքում պակասում է:
- Ինձ համար ամենաթանկ և ամենակարևորը իմ ընտանիքն է, հարազատներս և մտերիմներիս, ես ուզում եմ, որ նրանք միշտ առողջ լինեն:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում