Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Երևան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ ավագանու որոշմամբ «Երևանի պատվավոր քաղաքացու» կոչմանն է արժանացել նաև հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Նարա Շլեպչյանը։ Asekose.am-ը կապ հաստատեց վերջինս հետ՝ զրուցելու իր արձագանքի և իր՝ տվյալ կոչումը ստանալու վերաբերյալ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների դժգոհությունների մասին:
«Այս կոչումն ինձ համար և անակնկալ էր, և ոչ, որովհետև ծնվել, մեծացել եմ այս քաղաքում, որքան կարողացել եմ իմ գործի մեջ ներդրել եմ իմ գիտելիքները, ուժը, ինչպես նաև միշտ եղել եմ իմ ժողովրդի կողքին: Այս առումով կնոկրետ ինձ համար անսպասելի չէր, բայց, իհարկե, պետք է նշեմ, որ նախօրոք տեղյակ չէի սրա մասին»,- ասաց Նարա Շլեպչյանը՝ ավելացնելով.
«Ինձ համար շատ հաճելի էր ստանալ այս կոչումը: Շատ շնորհակալ եմ, որ գնահատել են իմ անցած ուղին»:
Հարցին՝ արդյո՞ք այս կոչումն իր համար որևէ առումով պարտավորեցնող է հետագա քայլերի հետ կապված, հաղորդավարուհին նշեց.
«Մի կողմից այո, մի կողմից՝ ոչ: Իսկապես, այս երկար տարիների ընթացքում ես իմ ներդրումն արել եմ: Կարծում եմ՝ որ գնահատել են այդ հանգամանքը, այդ իսկ պատճառով էլ այսօր ես ստացա «Երևանի պատվավոր քաղաքացու» կոչումը: Չմոռանամ ասել, որ առաջին «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը ես մասնակից եմ եղել, այնպես որ, ինձ համար այդ օրը շատ հարազատ, լավ տոն է: Բոլոր երևանցիներին ցանկանում եմ սեր դեպի իր քաղաքը, ժողովուրդը, ցանկանում եմ, որպեսզի նրանք ամեն ինչ անեն, որ Երևանը էլ ավելի գեղեցիկ, ցայտուն և պայծառ լինի»,- հավելեց Նարա Շլեպչյանը:
Անդրադառնալով նաև այն հանգամանքին, որ ավագանու նիստի ժամանակ «Երկիր Ծիրանիի» 3 անդամները դեմ քվեարկեցին Նարա Շլեպչյանին՝ այս կոչման արժանացնելու ավագանու որոշմանը, և նրան, որ ավագանու անդամներից մեկը՝ Մարինա Խաչատրյանն իր ելույթում նշեց, որ այն բոլոր 4 անձինք, այդ թվում և Նարա Շլեպչյանը, ոչինչ չեն արել Երևանի համար, և որ նրանք լռել են երկրում տեղի ունեցած վատ իրադարձությունների ժամանակ, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ հենց նրանք ստանան «Երևանի պատվավոր քաղաքացու» կոչմումը, ՀԽՍՀ ժողովրդական արտիստն ասաց.
«Ես միշտ անկախ եմ եղել: Արել եմ այն, ինչ իմ ժողովրդին պետք է, միշտ եղել եմ նրա կողքին: Իմ գործունեության տարիների ընթացքում պրոպագանդել եմ մեր մշակույթը, մեր պատմությունը, գրականությունը, արվեստը, այնպես որ իմ ոլորտը, հավանաբար, այնքան էլ կախման մեջ չի եղել: Բոլոր դեպքերում՝ կարծում եմ, որ ամբողջ կյանքս ազնվաբարո ձևով եմ անցկացրել: Իսկ ինչ վերաբերում է երկրում տեղի ունեցող վատ իրադարձությունների ժամանակ լռելուն, ապա ասեմ, որ ես էկրանից եմ խոսում, իմ ֆունկցիան բոլորովին այլ է»,- Asekose.am-ի հետ զրույցում նշեց Նարա Շլեպչյանը:
Հեղինակ՝ Ս. Խաչատրյան