▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես որոշում եմ կայացրել. Վիտալի Բալասանյանը հիմնադրում է նոր նախաձեռնություն

 

Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ է հրապարակել, որտեղ, մասնավորապես, ասվում է. ««Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է». այսօր աշխարհասփյուռ հայության համար ժամանակի հրամայական է դարձել Հայաստան–Արցախ-Սփյուռք եռամիասնության ներդաշնակ գործունեության անհրաժեշտությունը, որի առկայության պայմաններում է միայն հնարավոր դիմակայել մեր ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերներին, հետամուտ լինել միացյալ և հզոր Հայաստանի ստեղծմանը: Հազարամյակների ընթացքում մեր ժողովուրդը հաճախ է պարտադրված եղել ցուցադրել ապրելու, հարատևելու իր իրավունքն ու կենսունակությունը, արժանապատվությամբ անցնել անկանխատեսելի փորձությունների քուրայով, որպեսզի այսօր աշխարհին կարողանանք ներկայանալ ավելի թրծված ու բյուրեղացած:

 

Միջազգային հանրության աչալուրջ հայացքի ներքո, 2016-ի ապրիլին, երբ նորից հայտնվեցինք փորձության շեմին, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը հերթական անգամ աշխարհին ապացուցեց իր ամրակայությունն ու հաստատակամությունը: Այսօր ես ներքին անհանգստությամբ եմ արձանագրում, որ ոչ բոլոր հասարակական-քաղաքական ուժերը, հեղինակություն վայելող անհատներն են գիտակցում հայկական պետականության շուրջ ստեղծված իրավիճակի լրջությունն ու դրանից բխող վտանգավոր հետևանքները: Որոշ խմբեր և քաղաքական ուժեր, շահարկելով մարդկանց հայրենասիրական զգացմունքները, առաջ են քաշում ժամանակավրեպ լոզունգներ՝ քողարկելով շահադիտական իրենց նպատակները, ինչը ես որակում եմ որպես անհանդուրժելի, հայության նպատակների տառին ու ոգուն անհարիր, ապազգային վտանգավոր երևույթ: Համոզված եմ, որ օրվա հրամայականն է ուղիներ որոնել մեր ազգի հնարավորությունները լիարժեք և նպատակային օգտագործելու համար: Նկատի ունենալով այս ամենը, ես որոշում եմ կայացրել հանդես գալ նախաձեռնությամբ և հայտարարում եմ` «Հանուն Արցախի» համազգային շարժման մեկնարկի մասին, որի նպատակն է միացյալ և հզոր Հայաստանի ստեղծումը՝ հետևյալ խնդիրների լուծմամբ.
 -Արցախի Հանրապետության միջազգային ճանաչում,
-Հայաստանի և Արցախի անվտանգության ամրապնդում,
-Սփյուռքի հետ համագործակցության սերտացում և ազգային արժեքների պահպանություն:
Շարժմանը կարող են միանալ հասարակական, քաղաքական, մարդասիրական և այլ կազմակերպություններ ու անհատներ: Սիրելի հայրենակիցներ, միանալով «Հանուն Արցախի» համազգային շարժմանը, Ձեր ազգանվեր գաղափարներով ու առաջարկներով Դուք գործուն մասնակցություն կունենաք մեր գերնպատակի իրագործմանը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին