«Ես խայտառակ տեղեկություն ստացա»,- այս մասին քիչ առաջ ԱԱԾ շենքի մոտ հայտարարեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Մելիքյանն ասաց, որ հիմա ԱԱԾ շենքում շոու է արվում, գետնին գցելով ձերբակալություններ են կատարվում:
Իրավապաշտպանը դիմեց նաև իրավապաշտպան հանրությանը՝ նշելով, որ այս պահն Երևանում խայտառակ քաղաքական բռնաճնշումներ են իրականացվում, սակայն բոլորը լուռ են. «Սա ծանրագույն հանցագործություն է, մարդու արժանապատվությունը նվաստացնում են ինչ-որ շոու նկարելու համար: Ես ուղիղ կապ եմ տեսնում այսօր կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում ադրբեջանցիների շահերը սպասարկող Տարոն Չախոյանի նշանակվելու ու այս գործողությունների միջև: Մենք հիշում ենք, որ պատերազմի ժամանակ նույն այդ անձնավորությունն էր, ով Արա Սաղաթելյանին առանց որևէ հիմքի մեղադրում էր ինչ-որ ֆեյքային գործունեության մեջ»:
Մելիքյանն ասաց, որ այս պահին ԱԱԾ-ն պատրաստում է հնդկական ֆիլմ հիշեցնող տեսանյութ՝ հրապարակելու համար:
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Միքայել Շխիմյանը։
Նա, մասնավորապես, գրել է․
«Քիչ առաջ Ազգային անվտանգության ծառայության շենքում շոու բեմադրելու նպատակով ամենալկտի ձեւով, իմ ներկայությամբ գետնին տապալեցին եւ տեսաձայնագրեցին վստահորդիս՝ Մհեր Ավագյանին, ով ԱԱԾ շենք էր եկել իմ ուղեկցությամբ, ում որդին 44-օրյա պատերազմի մասնակից է եւ հիմա էլ շարունակում է իր զինվորական ծառայությունը՝ պաշտպանելով ՀՀ սահմանները Նախիջեւանի հատվածում։
Հարուցված քաղաքական գործի շրջանակներում կատարված այլ խախտումների վերաբերյալ կհայտնեմ հաջորդիվ»։