▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ըստ բնապահպան ակտիվիստի, Եռաբլուրում ապօրինի շինարարություն է ընթանում. azatutyun.am

azatutyun.am-ը գրում է, որ  Եռաբլուրի  կամարներից ներս մտնելիս անմիջապես աչքի է զարնում աջ կողմում ձգվող քարե պարիսպը, որը արդեն մի քանի տարի է` բաժանում է ազատամարտիկների պանթեոնը մյուս երկու բլուրներից:

Թե երբ և ինչ նպատակով է կառուցվել գերեզմանատան ողջ երկայնքով ձգվող այս պատը, պաշտոնական որևէ աղբյուր դեռևս չի պարզաբանում: Պաշտպանության նախարարությունը, որի հսկողության տակ է Եռաբլուրը, պնդում է, թե կոնկրետ այդ հատվածի հետ որևէ կապ չունի և պատասխանատվություն չի կրում։

«Պաշտպանության նախարարությանը պատկանում է ցանկապատից ներս ընկնող հատվածը, դա մեր պանթեոնն է` իր եկեղեցիով։ Դրանից դուրս գտնվող տարածքները չեն պատկանում նախարարությանը, և մենք չենք կարող ասել, թե ինչ աշխատանքներ են ընթանում և ինչ նպատակով», -  ասել է նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ազատության» հարցումներին, թե ում է պատկանում պարսպապատ տարածքը, երբ է այն սեփականաշնորհվել և ինչ նպատակներով, ստույգ չեն պատասխանել  նաեւ քաղաքապետարանում: Ընդամենը տեղեկացրել են, որ այդ հատվածը պարսպապատված է  արդեն տասը տարուց ավելի, սակայն քաղաքապետարանը տվյալ տարածքի հետ կապված շինարարական որևէ փաստաթուղթ չի տրամադրել, և, ըստ քաղաքային իշխանությունների` այնտեղ այժմ շինարարական աշխատանքներ չեն կատարվում: Ինչ վերաբերում է սեփականատիրոջը` հորդորեցին հարցը պարզել Կադաստրի պետական կոմիտեից, որտեղից «Ազատության» լրագրողին ուղարկել են հետ` Երևանի քաղաքապետարան:

Մինչ երկու պաշտոնական կառույցները փորձում են գտնել սեփականատիրոջը` հարակից տարածքի բնակիչները վստահ են, որ բլուրը պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, ով տարիներ առաջ այստեղ ծիրանանոց էր տնկել, հիմա էլ հանք է շահագործում: Տեսախցիկի առջև, սակայն, որևէ մեկը չի համարձակվել խոսել։

«Ազատության» լրագրողին հաջողվել է մուտք գործել ու նկարահանել տարածքը։ Բլուրը չորս կողմից պարսպապատված է, ստորոտում մեքենաներ էին կանգնած, և բլուրի ողջ տարածքը ծածկված է բազալտի քարակույտերով։

Բնապահպան Լևոն Գալստյանի համոզմամբ` այստեղ տնտեսական ինչ-որ գործունեություն է իրականացվում. - «Ակնհայտ երևում է, որ բազալտից քարերն օգտագործվում են բետոնի շաղախ ստանալու համար, այսինքն դրանք աղվում են եւ տեղափոխվում են այս մյուս տարածք, որտեղ հետո օգտագործում են բետոն ստանալու համար։ Այսինքն, ըստ էության, գործունեություն է ընթանում, որը պետք է համապատասխան ատյաններում ստացած լիներ թույլատրություններ»։

Ինքը` ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, «Ազատություն» ռադիոկայանի բազմաթիվ զանգերին այդպես էլ չի պատասխանել:

Ավելի վաղ լրատվամիջոցների հետ զրույցում գործարար պատգամավորը պնդել էր, թե ինքը Եռաբլուրում միայն ծառ ու ծաղիկ է տնկել, թե պանթեոնի տարածքում տուն չի ցանկանում կառուցել, իսկ տարածքը ցանկապատվել է 15 տարի առաջ, երբ սկսվել են բարեկարգման աշխատանքները: Ցանկապատելու իմաստն այն է եղել, որ պանթեոնի տարածքն առանձնացվի մոտակա բնակավայրից, որպեսզի պանթեոնը զերծ պահեն կենցաղային աղբից։

Բնապահպան ակտիվիստները, մինչդեռ, այս հայտարարություններին չեն հավատում` հիշեցնելով, որ ամիսներ առաջ պատգամավորը նույն վստահությամբ հերքում էր նաեւ, թե Փակ շուկայի տարածքում սուպերմարկետ է կառուցում:

«Այս պարիսպն էլ կարևոր չի, թե երբ է կառուցվել, որովհետև ցանկացած ժամանակ էլ կառուցված լինելու դեպքում ինքը պետք է ունենար իր համապատասխան թույլտվությունը և համապատասխան փաստաթղթերը։ Եթե դրանք չկան, նշանակում է հերթական անգամ քաղաքի մեջ ապօրինություններ են կատարվում, որն ըստ էության ոչ ոք չի նկատել», -ասել է Լևոն Գալստյանը։

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին