Այսօր լրագրողների հետ զրույցում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասաց, որ հստակ տեղեկություններ չունի՝ ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավարն ապաստան խնդրել է, թե՝ ոչ:
«Եթե չեմ սխալվում, ինքը ԴԱՀԿ ծառայության գեներալ է եղել»,- ասաց Տոնոյանը:
Հարցին, թե ինչպես է վերաբերում բարոյական տեսանկունից այն փաստին, որ ՀՀ գեներալը քաղաքական ապաստան է խնդրում, Տոնոյանն ասաց. «Որպես պաշտպանության նախարար, եկեք ես ԶՈւ գեներալների համար պատասխան տամ»:
Այն հարցին՝ եթե ԶՈւ գեներալները նման քայլի դիմեին, ապա ինչպիսին կլիներ վերաբերմունքը, Տոնոյանն ասաց. «Որպես դավաճանություն»:
Ավելի վաղ Միհրան Պողոսյանի փաստաբան Միխայիլ Յամչիտսկին հայտնել էր, որ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը Ռուսաստանից քաղաքական ապաստան է խնդրել: