Այո, նախագծում թվարկած դպրոցներից մի քանիսն, այո, կարելի էր օպտիմալացնել, միացնել, բայց դուք գրեթե բոլոր սպորտ դպրոցները փաթեթավորել եք մի նախագծի տակ, դրա բզբզողը վստահաբար դուք եք: Այս մասին այսօր՝ Երեւանի ավագանու նիստում Երևանի մի շարք համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ վերակազմակերպելու, անվանափոխելու, կանոնադրությունները նոր խմբագրությամբ հաստատելու մասին նախագծի քննարկման ժամանակ նշեց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը՝ անդրադառնալով նախագծի հեղինակ Արման Անտոնյանին:
«Դուք նախկինում ձեր բերած քարուքանդի նախագիծը մի քիչ աբդեյթ եք արել: Հերիք է մարդկանց հացին վայիս լինեք: Կարծիք է պտտվում, որ հիմա իրավաբանորեն տնօրեններ չեն կարող փոխվել, դրա համար եք բերել այս նախագիծը, որ օպտիմալացնեն, այլ տնօրեն կարող են նշանակել: Որեւէ սպորտդպրոցի ներկայացուցիչների, սպորտի մասնագետի հետ խոսե՞լ եք, թե ոչ, վարչական շրջանների ղեկավարների հետ.,-ասաց Վարդանյանը:
Ի պատասխան Արման Անտոնյանը նշեց, որ նախագծում միայն երկու սպորտդպրոց է միավորվում, մնացած դեպքերում կանոնադրության փոփոխություն է տեղի ունենում, իսկ կանոնադրություն փոխելը չի ենթադրում, որ պետք է տնօրեն փոխվի:
Նա չպատասխանեց հարցին, թե ում հետ է խորհրդակցել նման նախագիծ ներկայացնելու համար, ինչը հունից հանեց Թեհմինա Վարդանյանին. «Հերի՛ք ա մեզ հիմարի տեղ դնեք. հարց եմ տալիս՝ ինչ ուզում, պատասխանում եք: Ըստ էության պատասխանեք հարցին»,- ասաց Թեհմինա Վարդանյանը:
«Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանն էլ միացավ վեճին՝ նշելով, որ Արման Անտոնյանը հարցերին պատասխանելու փոխարեն իր կյանքն է պատմում.
«Պարոն քաղաքապետ, կկտրե՞ք այդ ձայնը: Մարդը հարց է տվել, պատասխանն է ուզում: Իր կերնսագրության մեջ մի հատ չեպե կա, գիտենք դա շատ վատ է»,-ասաց Խաչատրյանը՝ նկատի ունենալով Արման Անտոնյանի նկատմամբ տեղի ունեցած մահափորձը:
Անտոնյանն արձագանքեց. «Ինձ թվում է դատախազության օպերներին պետք է հորդորել էստեղի մարդկանց էլ հրավիրել համապատասխան բացատրագիր գրելու»:
Անի Խաչատրյանը էլ ասաց. «Ես ձեզ վստահեցնում եմ, որ եթե ես որեւէ կապ ունենայի, հաստատ դուք կենդանի չէիք լինի: Ես ես որեւէ կապ ունենայի, ես չէի վրիպի»: