«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ սեպտեմբերի 7-ին, իրեն պատկանող «Փարավոն» համալիրում համաժողով է հրավիրել:
Նախքան համաժողովը սկսելը, ԲՀԿ առաջնորդը պատասխանել էր լրագրողների հարցերին:
Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանին ու եղբորը պատկանող տարածքներում խուզարկությունների ու Մարտի 1-ի գործին նրանց մասնակցության մասին, ասել է.

«Եթե Հովիկ Աբրահամյանը «Մարտի 1»-ի հետ կապ ունի, ես ինչպես ասացի, թող Ծառուկյանին գնդակահարեն հրապարակում, նույնն էլ Աբրահամյանն էլ պատրաստ է, որ իրեն հրապարակում գնդակահարեն: Մարդկանց շանտաժի ենթարկել չի կարելի: ՀՔԾ-ն ասել է զենքերը ստուգում են, հիմա երբ կստուգեն, պատասխանը կստանաք, այն ժամանակ էլ ասեք: Այդ հարցերը քննչական մարմիններին տվեք»:
Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի ու նրա մեղավորության մասին խոսելիս` Գագիկ Ծառուկյանը նշել է, որ ոչինչ չի կարող ասել, դա քննչական մարմիններին է պետք հարցնել, հետո նոր իրեն:


