▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե հրամանատարությունը խելացի վարվեր, գոնե 4 զոհ չէինք ունենա». Սեյրան Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանն այսօրվա ճեպազրույցների ժամին անդրադառնալով Ներքին Հանդում տեղի ունեցած դեպքերին՝ հայտարարել է․ «Շփման գծում դեմ առ դեմ, ընդ որում ադրբեջանցիները գտնվելով ՀՀ տարածքում, կանգնած են երկու երկրների ԶՈՒ ստորաբաժանումները, և այդ ստորաբաժանումների միջև ցանկացած սադրանք կանխելը, համապատասխան միջոցառումներ իրականացնելը մեր ԶՈՒ գործառույթն է և, եթե տեղի հրամանատարությունը խելացի կերպով վարվեր, գոնե 4 զոհ չէինք ունենա։ Ադրբեջանցիները գնալու են սադրանքների մեր սահմաններում, մեր զինված ուժերի նկատմամբ այնքան ժամանակ, որքան զգան, որ մենք թույլ ենք։ Մեր շահերն առաջ տանելու, ավելի անվտանգ լինելու, խաղաղություն պահպանելու այլընտրանքը դա ուժեղ բանակ ունենալն է»,- ասել է նա:

Թարմացված․«Դուք և՞ս այն կարծիքին եք, որ մարտի 1-ին իրավապահ համակարգը ճիշտ տեղին և ժամանակին է կրակել, ինչպես վերջերս լրագրողների հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանը»,- դիմելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանին՝ հարցրին լրագրողները. «Ավելի լավ կլինի այդ հարցը տալ նրանց, ովքեր այդ իրադարձությունների կիզակետում են եղել, ովքեր ստույգ տեղեկություններ ունեն, այնպիսի մարդիկ, ինչպիսին օրինակ Նիկոլ Փաշինյանն է: Ես իրավապահների գտնվելու վայրերում չեմ գտնվել և իրավապահների համար այն ժամանակ պատասխանատու չեմ եղել և այսօր էլ պատասխանատու չեմ: Իմ տեղեկություներով՝ իրավապահները գործել են արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում։ Բախումները կազմակերպված են եղել և հրահրման միտում են ունեցել համապատասխան անձանց կողմից։ Մարտի 1-ը, կարծում եմ, ներքաղաքական իրադարձություններում հակասությունների և նաև կազմակերպված բախումների արդյունք էր։ Արտակարգ դրություն հայտարարելուց հետո, ինչպես գիտեք, ներքին գործերի ստորաբաժանումների հետ միասին ՀՀ Զինված ուժերն իրականացրել են կարևոր օբյեկտների պահպանությունը։ Ես, որպես ԳՇ պետ, այդ օրերին ամեն օր տեղեկություններ էի ստանում Ազգային անվտանգության ծառայությունից, որ հնարավոր է նաև հարձակումներ լինեն ԶՈՒ զորամասերի վրա՝ զենք հայթհայթելու նպատակով»,- նշել է բանախոսը:

Թարմացված․ ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանն այսօրվա ճեպազրույցների ժամին անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների՝ ռուս սահմանապահների վերաբերյալ հայտարարություններին, ասել է. ««Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված ռուս սահմանապահների ներկայությունն ինձ համար մտահոգություն չի առաջացրել։ Թե հիմա ինչ զարգացումներ կան, ես չգիտեմ, նկատի ունեմ քննարկումների և հարաբերությունների շրջանակներում։ Արդեն երկար ժամանակ է, որ թույլտվություն չունեմ դուրս գնալու, նույնիսկ ԱԺ ղեկավարությունն ինձ չի ընդգրկում տարբեր միջխորհրդարանական հանձնաժողովների աշխատանքներում։ Առհասարակ, ռուս սահմանապահները շատ կարևոր գործառույթ են իրականացնում՝ պաշտպանելով շուրջ 300 կմ Թուրքիայի սահման և շուրջ 42-43 կմ Իրանի սահման: Եթե այդ սահմանապահները դուրս գան, մեզ համար հասկանում եք չէ՞ այս տարածաշրջանում ինչ խնդիրներ են առաջանալու, նաև Թուրքիայի կողմից։ Այդ քննարկումների ռեալ իրավիճակի գնահատման պատասխանատուն ՀՀ իշխանություններն են, որոնք էլ կարող են դրա պատասխանը տալ։ Բայց ՀՀ իշխանությունները 2018 թվականից հետևողականորեն գնում են ոչ թե հարաբերությունների բարելավման, այլ՝ վատթարացման»,- ասել է Օհանյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին