▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե Սերժ Սարգսյանը այցելի Րաֆֆի Հովհաննիսյանին, դա պարտադրված քայլ չի լինի». քաղաքական փորձագետ

Չի բացառում, որ ինչ-որ պահի Սերժ Սարգսյանը ևս կայցելի Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն դա կլինի ոչ թե պարտադրված, այլ զուտ մարդկային քայլ: ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին հնարավոր այցին:

Ըստ նրա՝ ամեն դեպքում իրավիճակն այնպիսին չէ, որ կողմերը «այրել են բոլոր կամուրջները» և հետ քայլի տեղ չկա:

«Ինչ վերաբերում է հնարավոր փոխզիջումներին, ապա խորհրդարանում ԺԿ-և ՀՅԴ-ի կողմից ՀՀԿ-ի հետ քննարկման օրակարգ մեկ անգամ արդեն ներկայացվել է. խորհրդարանի ցրում, 100% համամասնական ընտրակարգի անցում, ընդդիմության վերահսկողության լծակների ավելացում: Մեծ առումով, ՀՀԿ-ի համար միակ մերժելի տարբերակը խորհրդարանի ցրման հարցն էր, ինչը նաև, կարծես թե, ընդունելի չէր նաև ԲՀԿ-ի համար: Ինչ վերաբերվում է 100%-ոց համամասնական ընտրակարգի անցմանը, ապա ՀՀԿ-ն ավելի վաղ հիմնականում դեմ էր արտահայտվում այդ դրա կտրուկ անցմանը, սակայն այնտեղից տեսակետներ էին հնչում, որ ընդհանուր դրական են համարում համամասնական տեղերի աստիճանաբար ավելացմանը»,- նշեց փորձագետը:

Նա հավելեց, որ ընդդիմության վերահսկողական լծակների ավելացման հետ կապված իշխանությունները, կարծես թե, կտրուկություն չեն դրսևորում և նվազագույնը պատրաստ էին քննարկումների, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունն այն մասին, թե ինքը ողջունում է, սակայն որևէ կապ չունի այդ պրոցեսի հետ, կտրուկ նվազեցրեց այդ գործընթացի կարևորությունը:

Տ. Աբրահամյանի խոսքով՝ երբ խոսում ենք փոխզիջումների մասին պետք է սահմանենք, թե ինչ նկատի ունենք փոխզիջում ասելով: «Եթե նկատի ունենք երկխոսության միջոցով երկրի առջև ծառացած մրտահրավերների համատեղ լուծումը, ապա իշխանությունը, կարծես թե, դրա հետ կապված խնդիրներ չի տեսնում և պատրաստ է համագործակցության: Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր թիմը, քվեարկությունից հետո հայտարարելով, որ ընտրություններում հաղթել է Ր. Հովհաննիսյանը «մանյովրի» քիչ հնարավորություն են թողել»,- նշեց նա:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ բեմահարթակից ելույթ ունեցողները անընդհատ հայտարարում են, որ ապրիլի 9-ին (նախագահի երդումնակալության օրը) իրենք տոնելու են իրենց հաղթանակը, փորձագետը նշեց, որ դրանով իրենք իրենց վատ դրության մեջ են դնում:

«Ստացվում է, որ եթե ապրիլի 10-ին երկրում որևէ իրավիճակ չփոխվի, ապա նրանք պետք է հրապարակում հավաքված մարդկանց պատասխան տան, թե ինչո՞ւ ոչինչ չստացվեց կամ իրավիճակը մնաց նույնը: Իսկ դրան պատասխան գտնելը, խոստովանենք, բավականին բարդ է»,- ընդգծեց Տիգրան Աբրահամյանը: 
Ի դեպ, ըստ փորձագետի, հացադուլն ինքնին քաղաքական պայքարի ծայրահեղ միջոց է: Սովորաբար նման քայլի դիմում են այն դեպքում, երբ պայքարի և երկխոսության մյուս հնարավոր միջոցներն սպառված են լինում:

«Իմ համոզմամբ, այդ պայքարի միջոցները դեռ չէին սպառվել, այդ տեսանկյունից, հացադուլի միջոցով առաջարկների, ուլտիմատումի ներկայացումը ամենաարդյունավետ միջոցներից չէ»,- ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ մարտի 10-ին Ազատության հրապարակում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր. «Եթե ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը կեղծ երդում տա Աստվածաշնչի վրա և Վեհափառ հայրապետը պղծի Աստվածաշունչը, դա իրենք կանեն իմ դիակի վրա: Ես պետք է աղոթեմ նրանց համար: Ես հավանաբար այս տարի սուրբ Զատկի պատարագ չհասնեմ»: Եվ սկսած մարտի 10-ից «Ժառանգության» առաջնորդը հացադուլ է հայտարարել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին