Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել պաշտոնական այցով: Հանդիպմանը մասնակցում էին նաև Հայաստանի Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը:
«Մենք ամենասկզբից ասել ենք, որ Հայաստանի հետ պետք չէ ուժի և սպառնալիքի լեզվով խոսել: Դա անիմաստ գործ է, որովհետև մեզ հետ այդպես խոսել չի կարելի: Մենք շատ երկար՝ և՛ անձամբ, և՛ հեռակա, և՛ հրապարակային, փորձել ենք այս դիրքորոշումները ներկայացնել. մեզ հետ պետք չէ սպառնալիքի լեզվով խոսել: Եվ շատերին թվում էր, թե սա ընդամենը հռետորաբանություն է, բայց հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ այն, ինչ մենք ասում ենք, 100 տոկոսով համապատասխանում է իրականությանը: Եվ էլի նույն կերպ խորհուրդ եմ տալիս չշարունակել նույն տրամաբանությունը, որովհետև նույն տրամաբանությունը բերելու է նույն հետևանքի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: