▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եվրոտեսիլի» ժամանակ իսրայելցի հաղորդավարը վիրավորել է հայերին․ համայնքը վրդովված է

Արդեն տեղեկացրել ենք, որ Իսրայելի հանրային հեռարձակման կորպորացիայի «Kan 11» հեռուստաընկերության հաղորդավարն ուղիղ եթերում վիրավորել է հայերին։ Այս մասին ահազանգում է Երուսաղեմի SavetheArQ (Փրկե՛ք հայկական թաղամասը) շարժման նախաձեռնող խումբն X-ի պաշտոնական էջում, փոխանցում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։
«Չեմ կարող հավատալ, որ մենք Երուսաղեմի մի ամբողջ թաղամաս տվեցինք այս տղաներին։ Survivor (Պարգի երգի անվանումն է, թարգմանաբար՝ փրկված. խմբ․)` սա այն է, ինչ մենք զգում ենք այս երգը լսելուց հետո»,- ասել է հաղորդավարը «Եվրոտեսիլ» երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Պարգի ելույթից հետո։
SavetheArQ–ի հայտարարության մեջ նշված է, որ շարժման անդամները ցնցված են հաղորդավարի խոսքերից և խիստ դատապարտում են այդ ամոթալի դիտողությունը։
«Սա անհանգստացնող, անհիմն, ռասիստական և վիրավորական հայտարարություն է, որը թիրախավորում է Երուսաղեմի պատմական, կրոնական և մշակութային կառուցվածքի անբաժանելի մասը կազմող հին համայնքին։ Նախևառաջ մենք ցանկանում ենք պարզաբանել, որ Երուսաղեմի հայկական թաղամասը ոչ մեկին չի «տրվել»։ Այն կառուցվել, պահպանվել և մշակվել է դարերի ընթացքում հայ ժողովրդի կողմից, որը պահպանել է իր անխափան ներկայությունը Սուրբ Երկրում և Երուսաղեմում ավելի քան 1600 տարի։ Այս ներկայությունը համաշխարհային ճանաչում ունի և յուրօրինակ ներդրում է քաղաքի հոգևոր, մշակութային և պատմական կյանքում»,- նշված է հայտարարության մեջ։
Շարժման անդամները հիշեցնում են, որ Հին քաղաքի չորս թաղամասերից մեկը՝ Հայկական թաղամասը, ծառայում է որպես համայնքների և կրոնների միջև համակեցության, համագործակցության խորհրդանիշ։ Հետևաբար նման հայտարարությունները ոչ միայն սխալ են, այլև վիրավորական ու վտանգավոր, վնաս են հասցնում Երուսաղեմում համակեցությանը։
«Մենք թույլ չենք տա հեռարձակողներին կամ որևէ այլ կողմի՝ խաթարելու պատմական ճշմարտությունը կամ արատավորելու ամբողջ համայնքի և ազգի արժանապատվությունը»,- շեշտվում է հայտարարության մեջ։
SavetheArQ շարժումը Իսրայելի հանրային հեռարձակող կորպորացիային հորդորել է հրապարակայնորեն հերքել արված հայտարարությունը և պաշտոնական ներողություն խնդրել Երուսաղեմի հայ համայնքից։

***

Հանրային հեռուստաընկերությունը պարզաբանում էր պահանջել Իսրայելի Հանրային հեռարձակողից` «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչի ժամանակ Հայաստանի մասնակցի ելույթից հետո իրենց հեռուստամեկնաբանի կողմից հնչեցրած մեկնաբանության համար։

«Ներկայացնում ենք Իսրայելի Հանրային հեռարձակողի գլխավոր տնօրենի պաշտոնական նամակը՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենին, որտեղ իսրայելական կողմը ներողություն է խնդրում հաղորդավարի կողմից հնչեցրած արտահայտությունների համար։

Կից ներկայացված է պաշտոնական նամակը.

Եվրատեսիլի հեռարձակումները Իսրայելում ավանդաբար ուղեկցվում են հումորային և թեթև մեկնաբանություններով, որոնց ընթացքում մեկնաբանների զույգը զվարճալի և հետաքրքիր դիտարկումներ է անում երգերի, կատարողների և մասնակցող երկրների վերաբերյալ։

Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակիչի ընթացքում մեկնաբաններն անմիջական հումորային մեկնաբանություններ են արել, այդ թվում՝ Հայաստանի երգի վերաբերյալ, ինչպես անում են գրեթե բոլոր կատարումների դեպքում։ Նշված կատակներից մեկը, որը ուղղված էր բացառապես երգին և ոչ թե երկրին կամ հայ ժողովրդին, ակամայից վիրավորել է հայ համայնքի որոշ անդամների։ Սա իհարկե միանգամայն դիտավորությամբ չի եղել։

Ընդհակառակը՝ մի քանի առիթներով իսրայելական պատվիրակության անդամները կարևորել են Հայաստանի երգի հետ ունեցած կապը և ընդգծել երկու պատվիրակությունների միջև ջերմ հարաբերությունները։

Երբ իմացանք, որ մեկնաբանությունն ընկալվել է որպես վիրավորանք, տվյալ արտահայտությունը կատարած մեկնաբանը հրապարակավ ներողություն է խնդրել իր անձնական հարթակում։ Բացի այդ, պարզաբանում կներկայացվի մեկնաբանների կողմից այս երեկոյի ուղիղ եթերում։

KAN – Իսրայելի Հանրային Հեռարձակման Կորպորացիան՝ ի սրտե ներողություն է խնդրում այս հումորային մեկնաբանության համար։

Մաղթում ենք հաջողություն Պարգին և Հայաստանի թիմին այսօրվա ելույթի ընթացքում։

Հարգանքով՝ Գոլան Յոխպազ

Իսրայելի Հանրային Հեռարձակման Կորպորացիայի գլխավոր տնօրեն»,– նամակը տարածել է Հ1–ը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին