Նախաքննական մարմինն այսօր դիմելու է դատարան՝ պարեկների կողմից բռնության ենթարկված Արամ Երիցյանին կալանավորելու միջնորդությամբ։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտնեց բռնության ենթարկված արցախցու եղբայրը՝ փաստաբան Ռոման Երիցյանը։ «Հիմա ունենք բոլորիդ աջակցության կարիքը: Ո՛չ թե նամակների, ո՛չ թե աջակցության խոսքերի, այլ բոլորի ֆիզիկական ներկայության կարիքը` և՛ արցախցիների, և՛ ՀՀ ցանկացած այլ բնակչի: Նիստը տեղի է ունենալու այսօր՝ Շենգավիթի դատարանում (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց պողոտա 24/1)։ Ժամի մասին կիրազեկեմ լրացուցիչ։ Իմ եղբորն առողջական ծանր վիճակում երկու ամսով կալանավորում են այն բանի համար, որ նա պարեկների կողմից ենթարկվել է դաժան ծեծի, նա ունի և՛ այրվածքներ, և՛ տարբեր աստիճանի վնասվածքներ: Այնինչ պարեկային ծառայողներն ու ոստիկաններն, ովքեր խոշտանգել են եղբորս, ազատության մեջ են, չկա նրանց հանդեպ որևէ միջնորդություն»,- ասաց նա: Հիշեցնենք՝ երկու օր առաջ պարեկները բռնություն էին գործադրել Արամ Երիցյանի նկատմամբ՝ մեքենան, իբրև, ոչ ճիշտ տեղում կայանելու պատճառաբանությամբ: Այնուհետև նրան դաժանաբար ծեծելով ու հայհոյելով` բերման ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ էլ խոշտանգել են: |
Դիտեք նաև՝