Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը երեկ որոշեց վերաբաշխում կատարել Հայաստանի այս տարվա բյուջեում եւ «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին հատկացնել մոտ 39 միլիոն դրամ: Նախագծի հիմնավորման մեջ գրված է, թե պետական աջակցության բոլոր ծրագրերի մասին տեղեկանալու, դրանց մասին սպառիչ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է դարձել ստեղծել պետական աջակցության ծրագրերի իրազեկման միասնական հարթակ։
Ի հավելումն՝ «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի գործառույթների ավելացման համատեքստում անհրաժեշտություն է առաջացել համալրել կառույցի հաստիքացուցակը։ Նոր գործառույթները ենթադրում են պետական աջակցության ծրագրերի շուրջ պոտենցիալ շահառուների շրջանում հանրային իրազեկման արշավների կազմակերպում, պետական աջակցության իրազեկման միասնական հարթակի վարում, ինչպես նաեւ՝ պետական խոշոր ծրագրերի ու բարեփոխումների հանրայնացման աշխատանքներում պետական գերատեսչություններին աջակցում։
Եվ երրորդ․ հաշվի առնելով «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ստեղծագործական թիմի կողմից իրականացվող լուսաբանման եւ ստեղծագործական աշխատանքի հագեցվածությունը, տեխնիկայի ամորտիզացիայի եւ մաշվածության խնդիրները, անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել տեխնիկական նոր միջոցներ։
«Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ն առավել հայտնի է «Ֆեյքերի ՊՈԱԿ» անունով, եւ միակ տեսանելի բանը, որ անում է, սոցկայքերում կեղծ օգտահաշիվներ է բացում եւ սպասարկում՝ ապահովելով իշխանության գովքը, քարոզն ու հայհոյում բոլորին, ով իշխանության հետ համակարծիք չէ:
Մեկ էլ մի ծեծկռտուքով է հայտնի այս ՊՈԱԿ-ը: Անցած տարվա մարտին «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը մի խումբ անձանց հետ մտել էր ՊՈԱԿ եւ հարձակվել աշխատակիցներից մեկի վրա՝ պնդելով, որ նա իր եւ իր քրոջ մասին սուտ լուրեր է տարածում սոցկայքերով: Բայց դա վաղուց էր, հիմա Դանիել Իոաննիսյանի հետ շատ ջերմ համագործակցություն է ձեւավորվել։ Այս տարի արդեն երրորդ դեպքն է, որ «ֆեյքերի ՊՈԱԿ»-ին լրացուցիչ գումար է հատկացվում:
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի տարեկան ֆինանսավորումը պետական բյուջեից կազմում է 450 միլիոն դրամ։ ՊՈԱԿ-ի խնդիրների մեջ մտնում է արտասահմանյան ԶԼՄ-ների եւ սոցցանցերի մոնիթորինգը, կառավարության ֆեյսբուքյան էջերի կառավարումը, ներքաղաքական թեմաներով հոդվածներ գրելը եւ նման նպատակները: Մարտին էլ 10 միլիոն ստացավ՝ հայկական ԶԼՄ-ների մոնիթորինգի ու Վրաստանի հայալեզու լրատվամիջոցներին քարոզչական բնույթի նյութեր տրամադրելու համար:
Այսինքն՝ 450 միլիոնը եւ գումարած այս 48 միլիոնը՝ ողջը միասին՝ մոտ 500 միլիոն դրամ: Երկու տարի առաջ՝ 2020 թվականին, «ֆեյքերի ՊՈԱԿ»-ի բյուջեն 733 միլիոն դրամ էր: Ստացվում է, որ այս ՊՈԱԿ-ի տարեկան բյուջեն կազմում է 500 միլիոն դրամ: Իսկ նպատակներն ու կատարած աշխատանքի չափման հնարավորություններն անորոշ են:
Օրինակ, ինչո՞ւ է կառավարությունը մտադիր ստեղծել պետական աջակցության ծրագրերի իրազեկման միասնական հարթակ: Իսկ ինչի՞ համար են գերատեսչական, համայնքային կայքերը, ինչի՞ համար է նույն «ֆեյքերի ՊՈԱԿ»-ը: Թող հաղորդագրություն գրեն ու տրամադրեն լրատվամիջոցներին: Գրել չգիտե՞ն: Ուրեմն իրենց տրված փողերը վատնելու են, ունակ չեն սպասարկել ո՛չ գործող, ո՛չ ստեղծվելիք կայքերը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Դիտեք նաև՝