Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր կհռչակվի: Այս մասին Մակրոնը հայտարարել է նաև Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքի ժամանակ:
Նախագահի խոսքով՝ Ֆրանսիան 1915 թվականից սկսած ցեղասպանությունն անվանում է հանցագործություն մարդկության ու քաղաքակրթության դեմ:
«Ֆրանսահայերի պատմությունը Ֆրանսիայի պատմությունն է: Եվ քանի որ Հայոց ցեղասպանությունը մեր հիշողությունների մասն է կազմում, ապա Հայոց ցեղասպանության հիշատակը պետք է հարգվի նաեւ մեր հանրապետությունում: Ձեզ հետ միասին ես նույնպես ուժերիս ներածին չափով կպայքարեմ ժխտման ցանկացած դրսեւորման դեմ, որն անարգում է զոհերի հիշատակն ու ողջերի արժանապատվությունը», - նշել է Մակրոնը՝ հավելելով, որ այժմ միայն մեկ պետության ղեկավար՝ Թուրքիայի նախագահը չի կիսում Ֆրանսիայի տեսակետն ու արժեքները տվյալ համատեքստում:
Մակրոնը խոստացել է շարունակել աշխատանքները՝ պատմական փաստերը լսելի դարձնելու համար. «Ես հստակ ասում եմ՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի ամբողջական պատասխանատվությունը Թուրքիայի նախագահին երկխոսության հրավիրելն է»:
Նշենք, որ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 2001 թվականին: Հայոց ցեղասպանության թեման պարբերաբար հակասություններ է առաջացրել Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերություններում: