«Հայկական ժամանակ»-ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ներկայումս ՀՀ քաղաքական ետնաբեմում քննարկվում է 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու հարցը: Թե ո՞ր ուժերն են մասնակցում այս քննարկումներին, ի՞նչ ֆորմատով են դրանք ընթանում, արդյոք աոաջին դեմքերի մակարդակով, կոնկրետ տեղեկատվություն չի փոխանցվում:
Փոխարենը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «ՀԺ»-ի աղբյուրները հայտնում են, որ ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու հարցը դրված է նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի սպասվող բանակցությունների օրակարգում: Ըստ այդմ, Ծառուկյանը երեք սցենար ունի և, կախված Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների արդյունքներից, դրանցից մեկով էլ կառաջնորդվի: Սերժ Սարգսյանը, ինչպես արդեն հայտնել է թերթը, փորձելու է առաջիկա նախագահական ընտրություններից առաջ ստանալ ԲՀԿ-ի աջակցությունը: Ինչպես արդեն գրվել է, Ծառուկյանը դրա դիմաց ցանկանում է ստանալ վարչապետի պորտֆելը: Պարզվում է, սակայն, որ ԲՀԿ ղեկավարն այդ պաշտոնը ոչ միայն իր և իր կուսակցության համար է ուզում, այլ` ստանալուց հետո մտադիր է ձևավորել ազգային համաձայնության կառավարություն, որում կընդգրկվեն այլ քաղաքական ուժեր ևս: Ըստ «ՀԺ»-ի աղբյուրի, եթե նման համաձայնություն ձեռք բերվի, առաջիկա նախագահական ընտրություններից առաջ կստորագրվի հուշագիր, որտեղ կնշվի, որ ԲՀԿ-ն սատարելու է Սերժ Սարգսյանին, իսկ արդեն նախագահական ընտրություններից հետո, երբ ՀՀ Սահմանադրության պահանջով երկրի նախագահը կցրի կառավարաթյունը, կձևավորի ազգային համաձայնության կառավարություն: Այսպիսով, Սերժ Սարգսյանը կստանա ԲՀԿ-ի աջակցությունը, իսկ Գագիկ Ծառուկյանը կդառնա ազգային վարչապետ և փաստացի առաջնորդը բոլոր այն քաղաքական ուժերի, ովքեր հավակնում են ազգային համաձայնության կառավարության մաս կազմել:
Ըստ ԲՀԿ աղբյուրի, անհաջողության դեպքում Ծառուկյանը ևս երկու պահուստային տարբերակ ունի: Առաջինի դեպքում նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին սատարելու դիմաց պահանջելու է ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստանին» հանձնել կառավարման համակարգի 30 տոկոսը` ամբողջությամբ: Խոսքը վեց ամբողջական ոլորտների մասին է: Այս դեպքում Սերժ Սարգսյանը, ավելի քիչ բան զիջելով, կստանա ԲՀԿ-ի աջակցությունը: