Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ նախագահությամբ Ռոբերտ Պապոյանի, հետաձգվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության քննությունը։
«Պաշտպաններս նոր ենք ներգրավվել քրեական գործին՝ խնդրել ենք ժամանակ, որպեսզի ծանոթանանք գործի նյութերին։ Վաղը՝ 16։30-ին կշարունակվի դատական նիստը։ Վաղվա նիստից հետո, ըստ իրավիճակի էլ կպատասխանենք ձեր հարցերին»,- ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը։
Նշենք, որ նիստի ավարտից հետո Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից, չպատասխանելով լրագրողների հարցերին, հեռացավ։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ–ն որոշեց Ծառուկյանին զրկել անձեռնմխելիությունից և թույլատրել նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսել։
Ծառուկյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով՝ ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը:


