▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Խաչատրյանն ու նրա որդիները դատի են տվել ՀՀ վարչապետին, աշխատակազմին եւ մամուլի խոսնակին

Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը եւ նրա որդիները՝ Արտյոմ եւ Գուրգեն Խաչատրյանները դատի են տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա խոսնակ Մանե Գեւորգյանին եւ վարչապետի աշխատակազմին։

Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Հայցը ներկայացվել է հունիսի 2-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանին։

Նրանք պահանջում են՝ պարտավորեցնել պատասխանողներին՝ վիրավորանք հանդիսացող արտահայտության համար ներողություն խնդրել եւ զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքել։

Խաչատրյանների ներկայացուցիչ Արամ Օրբելյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ հայցի պատճառը Մանե Գեւորգյանի ապրիլի 28-ի գրառումն է։

«Խնդիրը Մանեւ Գեւորգյանի ֆեյսբուքյան հրապարակումն է, որից հետո նա վերահաստատել է, որ դա արվել է վարչապետի հետ համաձայնեցված եւ դա պետք է պաշտոնական դիտարկվի։ Հայցի առարկան ունի զրպարտության եւ վիրավորանքի էլեմենտ, ուստի պահանջում ենք ներողություն եւ հերքում։ Դրամական պահանջ չկա»,- ասաց Օրբելյանը՝ հավելելով, որ որպես ՀՀ պաշտոնական ներկայացուցիչ են համարում վարչապետի աշխատակազմը, այդ իսկ պատճառով նրանք ներգրավված են, որպես պատասխանող։

Նրա խոսքով՝ ամբողջական գրառումը զրպարտչական եւ վիրավորական է, բայց հաշվի առնելով դատական պրակտիկան կոնկրետ առանձնացրել են ձեւակերպումները, որոնք այդպիսին են համարում եւ կներկայացնեն դատական նիստի ժամանակ։

Մանեւ Գեւորգյանը կայքի հետ զրույցում ասել է, որ հայցը չի ստացել եւ այն ստանալուց հետո կմեկնաբանի։

Հիշեցնենք, որ այդ գրառման մեջ Գեւորգյանը նշել էր, որ Խաչատրյանը տարբեր պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ պատրաստակամություն է հայտնել վերադարձնել իրենց թալանածը։

«ՀՀ կառավարության ունեցած տվյալներով Գագիկ Խաչատրյանը եւ նրա որդիները ղեկավարել են Հայաստանում երկար տարիներ գործած կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ, ինչի արդյունքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն: Վարչապետի դիրքորոշումն այն է, որ այդ թալանվածը պետք է մինչեւ վերջ վերադարձվի պետությանը»,- մասնավորապես գրել էր վարչապետի խոսնակը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին