Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի Օրհնության խոսքը՝ կանանց տոնի առիթով.
Լուսո Խորան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում սիրելի տիկնանց և օրիորդաց` մարտի 8-ի առիթով:
Գարնանամուտին, բնության զարթոնքի այս օրերին մարտի 8-յան տոնը խնդություն է հավելում մարդկանց սրտերին` առանձնահատուկ կարևորելով կանանց լուսավոր առաքելությունը աշխարհում: Գործունեության տարբեր բնագավառներում մեր մայրերը, քույրերն ու դուստրերը իրենց հատուկ սիրով, հոգատարությամբ ու հավատարմությամբ արդյունավորում են իրենց ծառայությունը մեր երկրին ու ժողովրդին, ջանքեր ներդնում` ի խնդիր մեր հասարակության բարօրության, պետության զորացման, պայծառ ու լուսավոր գալիքի կերտման: Ազգային-եկեղեցական մեր անդաստանում անփոխարինելի և բացառիկ է կանանց ուրույն դերն ու նվիրյալ սպասավորությունը, մասնավորաբար` ընտանիքների ամրության, նոր սերնդի կրության ու դաստիարակության գործում:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր սրտագին բարեմաղթանքները բերելով` ի խորոց սրտի աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ օրհնության ու շնորհների ներքո պահպանի մեր մայրերին, քույրերին ու դուստրերին և զորացնի ազնիվ ու գովարժան ընթացքով ծառայելու մեր ժողովրդի և Հայրենիքի առաջընթացին:
Թող Աստված Իր Սուրբ Աջի հովանին տարածյալ պահի բոլոր տիկնանց և օրիորդաց վրա, պարգևի քաջառողջ արևշատություն, երջանկություն և երկնառաք բյուր բարիքներ:
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի Օրհնության խոսքը՝ կանանց տոնի առիթով
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet