Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում
Սեպտեմբերի 2-ին կայացավ Buissup Global Forum-ին նվիրված մամուլի ասուլիս, որտեղ Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանն ու ֆորումի հիմնական մենթոր Նարեկ Ալեքսանյանը ներկայացրեցին դրա մանրամասներն ու առանձնահատկությունները:
Իրենց հերթին, Buissup Global Forum 2021-ի հաղթողներից Text`nPayme նախագծի համահիմնադիր Արթուր Կարապետյանը, Medu.am համահիմնադիր Գևորգ Գրիգորյանը պատմեցին ֆորումի ընթացքում իրենց ստացած գիտելիքների, դրանից հետո իրենց անցած ճանապարհի ու նախագծերի ձեռքբերումների մասին:
7 օր, շուրջ 200 մասնակից, 20 խոսնակ, 30 մենթոր, շուրջ 50 ստարտափ և անսպառ ու անթիվ գաղափարներ:
Այս տարի Buissup Global Forum-ը կրկին կանցկացվի գեղատեսիլ Դիլիջանում՝ սեպտեմբերի 5-11-ը:
Գալիք ֆորումի խորագիրն է «Գաղափարից դեպի իրագործում»:
Մեկ շաբաթվա ընթացքում ամենատարբեր մտածելակերպով ու գաղափարներով ապագա եռանդուն գործարարները կհավաքվեն մի վայրում՝ կիսվելու իրենց փորձով ու գաղափարներով, սովորելու հմուտ մասնագետների մոտ, խորհուրդներ և աջակցություն ստանալու, կատարելագործելու և ավարտին հասցնելու իրենց նախագծերը:
Իհարկե, լավագույնները վերջում կկարողանան խոշոր ներդրումներ ներգրավել, ինչում նրանց կաջակցի հայ գործարարների ասոցիացիան: