ՀՀ նախկին գլխավոր դատախազ, նախորդ գումարման ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանը լավ իրավաբան է․ ֆեյսբուքյան ուղիղ կապով ասել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ու հավելել.
«Նա քաղաքական առումով ներկայացրել է այլ թիմ, և ժամանակին պաշտպանել է Նիկոլ Փաշինյանին որպես ժողովրդի կողմից ընտրված թեկնածու, որն անձամբ ես բավականին բարձր եմ գնահատում։ Ես չեմ ուզում խոսել պարոն Կոստանյանի արժանիքների կամ ընդհակառակը՝ բացասական կողմերի մասին։ Նման մտադրություն չունեմ»։
Ալեն Սիմոնյանը պնդում է՝ եթե որևէ մեկը, այդ թվում՝ Գևորգ Կոստանյանը կարող է մեր երկրին օգուտ տալ, ապա չպետք է խորշել նրա օգնությանը դիմելուց. «Ես ասել եմ և ասում եմ մի բան, որ եթե ՀՀ–ի դեմ որևիցե հարձակում է կազմակերպվում, և եթե Կոստանյան Գևորգը և որևիցե մեկը կարող է օգուտ տալ ՀՀ–ին, միջազգային հարթակներում, Արցախին պաշտպանելու հարցում, ես դեմ չեմ, որ այդ օգուտը մեզ տրվի։ Սա է իմ դիրքորոշումը»։
Նա չի բացառում, որ քննարկումների արդյունքում պարզվի, որ սխալ է, բայց այս պահին նա այդ դիրքորոշումը ճիշտ է համարում. «Աստված մի արասցե, եթե մեր երկրի վրա հարձակում սկսվի, ապա մենք բոլորով պետք է պաշտպանենք մեր երկիրը»։
ԱԺ փոխնախագահը հավաստիացրել է՝ խոսքը որևիցե մեկին պաշտոն տալու քննարկման մասին չէ, այդ հարցով որևէ քննարկում չի եղել. «Ես պնդում եմ՝ Գևորգ Կոստանյանը լավ իրավաբան է, և եթե նա կարող է Արցախին օգուտ տալ միջազգային ասպարեզում և պաշտպանել Արցախի դեմ Ադրբեջանի հայցից, ես պատրաստ եմ դիմել իր և յուրաքանչյուրի օգնությանը դիմել»,–եզրափակել է նա։