Արդեն հայտնել ենք, որ Լիվերպուլում կայացած «Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթում հաղթող ճանաչվեց Շվեդիան։ Հայաստանի պատվիրակ Բրյունետը, որը կատարել է իր հեղինակային «Future Lover» երգը, զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը։
Հայաստանի ազգային ժյուրին ամենաբարձր՝ 12 միավորը տվել էր Իսրայելին։ Վերջինս Հայաստանին ոչ մի միավոր չէր տվել։ Ազգային ժյուրիի այս որոշումն արդեն իսկ առաջացրել է բազմաթիվ օգտատերի դժգոհությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իսրայելը մեր թշնամի Ադրբեջանի դաշնակիցն է, և շարունակաբար զինում է նրան։
Ի դեպ Ադրբեջանի ազգային ժյուրին ևս 12 միավոր էր տվել Իսրայելին։
«Հայաստանի ազգային ժյուրին հաստա՞տ ազգային է»,-այս առիթով գրել է երաժիշտ Միքայել Ոսկանյանը:
«Հայաստանն ու Ադրբեջանը սինխրոն 12 միավոր են տալիս Իսրայելին։ Գետինը մտնեք, ազգային ժյուրի»,-գրել է լրագրող Հրանտ Սարաֆյանը։
«Եվրատեսիլում, հայերի բարեկամ Իսրայելը, շա՜տ ձայն տվիք է՛լի։ Հենց հիմա երևի Իսրայելից ադրբեջան զենք են տեղափոխում»,-գրել է օգտատեր Էդգար Մանուկյանը։
«Ինչո՞ւ Իսրայել։ Ինչո՞ւ ոչ Իտալիան, Ֆրանսիան կամ այլ երկրներ, բայց ոչ, դուք քվեարկել եք Իսրայելի օգտին։ Լու՞րջ․․․ Ամոթ է»,-գրել է Արման Ղուկասյանը:
Ահա, թե ովքեր են Հայաստանի ազգային ժյուրիի կազմում՝ Սոնա Ռուբենյան, Հրաչ Քեշիշյան, Արսեն Գրիգորյան, Դավիթ Բադալյան, Վահագն Գևորգյան։