▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեղամ Նազարյանի սկանդալային մեկնաբանությունը. Նիկոլին հեռացնելու օրակարգ չկա, չգիտեմ ով ա դա մտցրել

Արդեն մի քանի օր է համացանցը քննարկում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի՝ Վիետնամում արված լուսանկարը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ։
Yerevan Tribune-ի հետ զրույցում Գեղամ Նազարյանն ասել է, որ չի պատրաստվում «այդ կարգի դատարկ» խոսակցությունները մեկնաբանել․ «Ես ինչ-որ մեկին ասո՞ւմ եմ՝ ինչո՞ւ է իր հիմնարկի ղեկավարի հետ գործուղման գնում։ Չգիտե՞ն, որ ԱԺ պատգամավոր եմ, ուզում են հոգեբանական ճնշում գործադրել։ Անմիտ թեմաներ են»,- նշել է Նազարյանը և ի պատասխան լուսանկարում իր լայն ժպիտին վերաբերող քննարկումներին՝ ասել․ «Ես ժպտում էլ եմ, լացում էլ եմ. դերասան չեմ, եթե ժպտալու տեղ է՝ ժպտում եմ, իսկ թե ինչ է կատարվում իմ հոգում, իմ գործն է։ Եթե մարդ կա, որ ամեոբայի ուղեղի չափ ուղեղ ունի ու մտածում է, թե Վիետնամ գնալը Գեղամ Նազարյանի համար կյանք վայելել է, ասելու բան չունեմ»,- նշել է Նազարյանը՝ հավելելով, որ լուսանկարը հրապարակելուց առաջ Ալեն Սիմոնյանն իրենից թույլտվություն է խնդրել։
Գեղամ Նազարյանը նորից կրկնել է ավելի վաղ իր ասածը, թե ներել է Փաշինյանին, ինչը, սակայն, չի նշանակում, որ ինչ արել է Փաշինյանը՝ ճիշտ է արել։ Նա նաև հայտնել է, որ ընդդիմությունը, խորհրդարան մտնելիս, Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չի ունեցել․ «Ես և իմ ընկերները մտածել ենք, որ գալիս ենք խորհրդարան և պատգամավոր աշխատելուն զուգընթաց պետք է մարդկանց բացատրենք, որ սխալ ընտրություն են կատարել, որպեսզի ընթացքում կամ հետո ճիշտ ընտրություն կատարեն։ Ի՞նչ է նշանակում՝ եկել ենք խորհրդարան, որ հեռացնենք, այսինքն սամբոյի ինչ-որ պրիոմ պիտի անեինք, Փաշինյանին հեռացնեի՞նք»,- ասել է Նազարյանը։

***

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հարցազրույցներից մեկում հայտնել էր, որ ընդդիմությունը, խորհրդարան մտնելիս, Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չի ունեցել․ «Ես և իմ ընկերները մտածել ենք, որ գալիս ենք խորհրդարան և պատգամավոր աշխատելուն զուգընթաց պետք է մարդկանց բացատրենք, որ սխալ ընտրություն են կատարել, որպեսզի ընթացքում կամ հետո ճիշտ ընտրություն կատարեն։ Ի՞նչ է նշանակում՝ եկել ենք խորհրդարան, որ հեռացնենք, այսինքն սամբոյի ինչ-որ պրիոմ պիտի անեինք, Փաշինյանին հեռացնեի՞նք»,- ասել է Նազարյանը։
Գործընկերոջ կարծիքը «Պոլիտիկ»-ի հետ զրույցում մեկնաբանել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը․ «Մեր գնահատականների և մոտեցումների մեջ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Մենք շարունակում ենք պնդել, որ այս չարիքի իշխանությունը օր առաջ պետք է հեռանա և երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու միակ ճանապարհը իշխանափոխությունն է։ Եթե մեր խմբակցության անդամ Գեղամ Նազարյանի մոտեցումների մեջ ինչ-որ բան է փոխվել, դա իր շատ նեղ աձնական տեսակետն է, որը «Հայաստան» խմբակցությունը չի կիսում, հակառակը՝ այն ուղիղ հակասության մեջ է մտնում խմբակցության ձևավորած օրակարգի և վարած քաղաքականության հետ։ Առնվազն այս հարցը կքննարկվի խմբակցությունում, իսկ թե ինչ քայլեր կձեռնարկվեն, պարզ կդառնա քննարկումից հետո»,- ասաց Սաղաթելյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին