▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գիտեմ, որ գրածս կարող է դուր չգալ շատերին...Տիգրան Նալչաջյան

Դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Տիգրան Նալչաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում ընդդիմադիր հայացքներ ունենալն ու գործունեություն ծավալելը որևէ ոլորտում, հատկապես հանրային ոլորտում, մեղմ ասած՝ շատ բարդ է։
Խոսքը չի վերաբերում ընդդիմադիր քաղաքական գործիչներին, ընդդիմադիր լրատվամիջոցների լրագրողներին և այլ՝ իրենց մասնագիտության հետ համատեղելի ընդդիմադիր գործունեություն իրականցնող անձանց։ Ամենայն հարգանքով այդ մարդկանց նկատմամբ, բայց եթե դու ընդդիմադիր պատգամավոր ես, կամ պատգամավորի օգնական, ապա դու քո ընդդիմադիր գործունեության համար բարձր վարձատրություն ես ստանում։ Կամ, եթե աշխատում ես ընդդիմադիր լրատվամիջոցում, ապա այդ դեպքում դա նույնպես քո գործունեությունն է, որի համար արդարացի վարձատրվում ես։ Իհարկե, այդ ամենը կարող է ուղեկցվել զանազան բռնաճնշումներով, ոմանց դեպքում անգամ՝ կալանավորումով, բայց եկեք համաձայնվեք, որ դա նույնպես քաղաքական գործունեության մի մասն է, որը միավորներ է բերում տվյալ քաղաքական և հասարակական գործիչներին։
Կան նաև պաշտոններ չունեցող քաղաքական գործիչներ և ուժեր (արտախորհրդարանական), ովքեր նույնպես ակտիվ քաղաքկանության մեջ են՝ մի օր նորից պաշտոն զբաղեցնելու կամ պաշտոնի վերադառնալու նպատակներով, որոնց դեպքում նույնպես՝ քաղաքականությունը մասնագիտություն է։
Իսկ երբ դու անհատ ես, չունես որևէ քաղաքական նպատակներ և արտահայտվել ու որոշ դեպքերում նաև գործել ես բացառապես հայրենասիրությունից դրդված՝ ունենալով կարմիր գծեր, կապված Արցախի, երկրի անվտանգության, ազգային արժեքների և նման այլ հարցերի շուրջ, ապա քո ճանապարհը փակում, են, քեզ խանգարում են հենց քո մասնագիտության մեջ, որը ոչ մի կապ չունի քաղաքականության հետ։ Եվ դու ոչ մի կողմից պաշտպանված չես, քո մասին ոչ ոք չի հիշում և դու ինքդ էլ ամաչում ես ինչ-որ մեկին ինչ որ հարցով դիմել։
Ասեմ ավելին, որ շատերն էլ խուսափում են հետդ աշխատել, քանի որ մտածում են, որ դրանով կարող են խնդիրներ ստեղծել իրենց համար։ Ժամանակին ես ավելի շատ հրավերներ ունեի նկարահանվելու, քան հիմա, երբ թե մասնագիտական, թե ճանաչվածության տեսանկյունից վերջին 5-6 տարիներին շատ լուրջ առաջընթաց ունեմ։ Գրեթե չեն հրավիրում ֆիլմերի պրեմիերաների և զանազան միջոցառումների, քանի որ Արցախը հայկական անվանելը դարձել է վախենալու թեմա ոմանց համար։ Զավեշտ է, սակայն որոշ դեպքերում վախենում են նաև նրանք, ովքեր ունեն ընդդիմադիր հայացքներ, սակայն հանրային չեն արտահայտում այն։
Եթե ես ինքս նախաձեռնող չլինեի, նախագծեր չանեի և դրանց իրացմամբ չզբաղվեի, ապա կամ պետք է սոված նստեի, կամ էլ փոխեի մասնագիտությունս։ Բայց ես սիրում եմ կինո և տաքսի քշել կամ բանվորություն անել չեմ պատրաստվում, համենայն դեպս առայժմ։ Իսկ երկրից գնալու մտքերը փորձում եմ ամենօրյա ռեժիմով վանել գլխիցս, որը նոր բան է ինձ համար և ժամանակին անգամ գրին քարտից եմ հրաժարվել։
Եզրափակելով, ցանկանում եմ ազնվության կոչ անել իրենց չսազող կոստյումների մեջ տեղակայված մանր ու մեծ չինովնիկներին, որպեսզի հիշեն, որ իրենք ընդամենը ծառաներ են, որոնք այդ պաշտոնները ստացել են՝ հավասարապես ծառայելու ժողովրդին, անկախ նրանից, թե տվյալ քաղաքացիներից ոմանք սահմանադրությամբ իրենց վերապահված քաղաքական հայացքներն ու տեսակետները ինչպես են արտահայտում։
Ցանկանում եմ սթափության կոչ անել իմ բնագավառի գործընկերներին, որ իշխանությունները կգան ու կգնան, բայց դուք մնալու եք ոլորտում ու բոլորս էլ նայելու ենք իրար աչքերի մեջ։ Իմ մասով կարող եմ ասել, որ ոչ մեկի առաջ աչքերս խոնարհելու պատճառ չունեմ ու նույնն էլ ձեզ եմ մաղթում։
Եվ վերջապես, սթափության կոչ եմ անում նաև որոշ ընդդիմադիր գործիչների (որոնց մեջ կան նաև ընկերներ ու ծանոթներ), որ հարկի-անհարկի մի մեղադրեք արտիստներին, ովքեր լուռ են, չեն արտահայտվում (ես նրանցից մեկը չեմ), քանի որ նրանք ամենօրյա ռեժիմով գտնվում են խոշորացույցի տակ, իսկ դուք էդքան էլ լավ չեք իրականացնում ձեր ընդդիմադիր գործունեությունը, որ շատ ավելի շատերը սկսեն արտահայտվել կամ միանալ այս կամ այն ընդդիմադիր պայքարին։
Գիտեմ, որ գրածս կարող է դուր չգալ շատերին, բայց դե ինչ արած, ազնիվ արտահայտվեցի։
P.S. Եթե շատերի մոտ հարց առաջանա, թե ինչի համար էր էս ամենը, ապա ասեմ, որ կա մի խնդիր, որը եթե հաջորդ շաբաթվա ընթացքում իր լուծումը չստանա, ապա չինովնիկ կոչվածներից մեկը, որին դեռևս 2017-ից անձամբ ճանաչում եմ, լավ հարաբերություններ ենք ունեցել ու նույնիկս օգնել եմ իրեն ժամանակին՝ կընկնի իմ դռբի տակ ու շատ լուրջ կզբաղվեմ դրանով»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին