Այսօր՝ ապրիլի 21-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, պատասխանելով հարցին, որ այս օրերին իշխանամերձ հատվածներից սոցցանցերում մեկնաբանություններ են թողնում, նրա նկատմամբ պատժի ձևեր են մտածում, օրինակ՝ կոչումներից զրկել և այլն, ինչպե՞ս եք վերաբերում այդ սպառնալիքներին ու քննադատություններին, գեներալ-մայորը պատասխանել է.
«Գլուխները պատով կտան, ինձ կոչումներից կզրկեն։ Այդ կոչումներն իրենց հոր տնից չեն բերել։ Այդ կոչումներին ես արժանացել եմ իմ երկարատև ծառայության համար։
Եթե իմ նկատմամբ հնարավոր լիներ օրինական ճանապարհով որևէ քրեական գործ հարուցել, դատապարտել, կալանքի ենթարկել, հավատացեք՝ իրենք արդեն վաղուց արած կլինեին։ Իմ հրաժարականից հետո, եթե չեմ սխալվում, 5-ից ավելի գործերով մեղադրյալ եմ եղել ամենածանր հոդվածներից սկսած, ամբողջությամբ հերքվել են, կարճվել են։
Ականատես եղաք տեղեկատվական տեռորի, որ սկսվել էր իմ նկատմամբ, անգամ Փաշինյանի մամուլի խոսնակի մակարդակով տարածվող կեղծ տեղեկությունները արդեն դատարանների կողմից ամբողջությամբ հերքվել են, պարտավորեցրել են հերյուրանքներ տարածողներին հերքել այդ տեղեկատվությունները։ Այսինքն ես չեմ արել որևէ բան, որն օրենքից դուրս է, չեմ արել որևէ բան, որի համար ինձ կարող են քրեական պատասխանատվության ենթարկել։ Նրանց գործիքը դա է՝ կեղծ տեղեկատվություններ, վարկաբեկման փորձ, որը ժամանակի հարց է, կարճ ժամանակ հետո հանրությունն իմանում է՝ ով է ճիշտ, ով սխալ»։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում