Երևանի Ավան վարչական շրջանի հարևանությամբ գտնվող շքեղ առանձնատներով թաղամասում շուտով ավարտին կհասցվի եւս մեկ թանկարժեք առանձնատան շինարարություն։ Մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ այդ առանձնատան սեփականատերը 67-ամյա թոշակառու Օլգա Սանոսյանն է։
«Հետք»-ն է գրում ու մանրամասնում․ « Պարզել ենք, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղում կառուցապատում իրականացնող Օլգա Սանոսյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Գնել Սանոսյանի մայրն է։
Երևանի Ավան վարչական շրջանին սահմանակից Առինջ գյուղի Խաչատուր Աբովյան թաղամասում գտնվող 1000 քմ հողամասը Օլգա Սանոսյանը գնել է 2023 թ.-ի մարտին։ Գործարքի արժեքը կազմել է 19 միլիոն 200 հազար դրամ, որը համարժեք է 49 հազար դոլարի։ Անշարժ գույքի գործակալների խոսքով՝ հողամասը շուկայական արժեքի կես գնով է ձեռք բերվել, քանի որ Առինջում ինչպես այս տարի, այնպես էլ նախորդ տարի, 1 քմ հողամասի արժեքը կազմել է մոտ 100 դոլար։ Այդ պայմաններում նշված հողամասի գինը կկազմեր 100 հազար դոլար կամ 38 միլիոն 900 հազար դրամ։
Նախարարի մայրը հողամասը գնելուց երկու ամիս հետո ստացել է նախագծման, ապա՝ շինարարության թույլտվություն։ 2024 թ.-ի մայիսի 10-ի դրությամբ հողամասը պարսպապատված է, կառուցված են առանձնատան երկու հարկերը, ավտոտնակը, ժամանցի և հանգստի համար նախատեսված օժանդակ շինությունը։
«Հետքի» ձեռքի տակ առկա փաստաթղթերում երեւում է, թե ինչ տեսք է ունենալու առանձնատունը վերջնարդյունքում։ Առաջին հարկը ունենալու է 212 քմ, իսկ երկրորոդ հարկը՝ 165 քմ մակերես։ Երկհարկանի առանձնատան ընդհանուր մակերեսը կազմելու է 377 քմ։ Առաջին հարկում նախատեսված են՝ հարթակ, նախամուտք, նախասրահ-աստիճանավանդակ, հյուրասենյակ, խոհանոց-ճաշասենյակ, սանհանգույց, ննջարան և աշխատասենյակ։ Երկրորդ հարկում նախատեսված են՝ նախասրահ, 4 հատ ննջարան, սանհանգույցներ, տնտեսական սենյակ և պատշգամբներ։
Օժանդակ շինությունն ունենալու է 150 քմ մակերես։ Առանձնատան զբաղեցրած հողամասի վերջնամասում կառուցված օժանդակ շինությունը նախատեսված է ժամանցի համար։ Այդ շինության մեջ ներառված են լինելու ժամանցի սրահը, ամառային խոհանոցը, սանհանգույցը, շոգեբաղնիքը, ժամանցի սրահ-ջակուզին և համամը։ Համամը, որ հայտնի է նաեւ «թուրքական բաղնիք» անվանումով, տաքացվում է ջրով լի կաթսայով, որի ժամանակ պատի մեջ ներկառուցված կաթսայում եռացող ջրի գոլորշին դուրս է գալիս կաթսայի անցքերից։
Կառուցվող առանձնատան տարածք մեր այցելության ժամանակ արձանագրեցինք, որ երկհարկանի առանձնատունը, ավտոտնակն ու օժանդակ շինությունը կանգուն են։ Շինարարները ավարտին էին հասցնում տան երեսպատումը։ Տեղադրված էին շինությունների պատուհանները, կառուցված էին տանիքները։
Հողամասի վրա կառուցված շինությունների ընդհանուր մակերեսը 527 քմ է։ Շինարարական ընկերություններն առանց ներքին հարդարանքի այսօր առանձնատներ են կառուցում 1 քմ-ը՝ 400 դոլարից սկսած (առավելագույնը՝ 500 դոլար)։ Եթե կառուցման միջին գինը համարենք 1քմ-ը 450 դոլար, ապա 527 քմ մակերեսով առանձնատան արժեքը կկազմի 237 հազար ԱՄՆ դոլար։ Այս գումարին եթե ավելացնենք հողամասի ձեռքբերման արժեքը՝ 49 հազար ԱՄՆ դոլարը, կստացվի, որ միայն հողամասն ու տունը՝ առանց ներքին հարդարման, 286 հազար դոլար արժեն։ Դժվար է ասել, թե ներքին հարդարանքը և կահավորումը ավարտելուց հետո որքան կկազմի տան արժեքը։
Աշխարհագրագետի մասնագիտությամբ Գնել Սանոսյանը պետական պաշտոններ սկսել է զբաղեցնել 2018 թ.-ից, երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ։ Նույն թվականի ապրիլյան հայտնի իրադարձություններից (բողոքի ակցիաներից հետո Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետ պաշտոնից) հետո Գնել Սանոսյանը նշանակվեց շրջակա միջավայրի նախարարի տեղակալ և պաշտոնավարեց մինչև նույն տարվա հոկտեմբեր ամիսը։ Հոկտեմբերին վարչապետի որոշմամբ Գնել Սանոսյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ և պաշտոնավարեց մինչև 2021 թ.-ը։ Խորհրդարանական ընտրություններից հետո Սանոսյանը նշանակվեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար և պաշտոնավարում է մինչ օրս։
2021 թ.-ին Գնել Սանոսյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով էր ներկայացրել պատգամավորի թեկնածուի եկամուտների և գույքի հայտարարագիրը (ՔՊ համամասնական ցուցակով)։ Այդ ժամանակ նա հայտարարագրել էր Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում գտնվող 1 առանձնատուն և 3 հողամաս, որոնց ընդհանուր մակերեսը կազմել է 2800 քմ։ Որպես շարժական գույք նա հայտարարագրել էր 2002 թ.-ի արտադրության «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա։ Այդ ժամանակ նա ունեցել է ընդամենը 2.5 միլիոն դրամ և 70 հազար ռուբլի (մոտ 350 հազար դրամ)։ Գնել Սանոսյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դեռ չի ներկայացրել 2023 թ.-ի իր և համատեղ բնակվող անձանց հայտարարագրերը, ուստի նրա ունեցվածքի մասին պատկերացում կազմելու համար կարող ենք ուսումնասիրել 2022 թ.-ի հայտարարագիրը։
Գնել Սանոսյանը կնոջ և երկու երեխաների հետ բնակվում է Երևանում՝ Նոր Նորք վարչական շրջանում։ 2022 թ.-ին նա Ծակքար գյուղի առանձնատունը և հողամասերը նվիրել է եղբորը եւ սեփականության իրավունքով գույք այլևս չունի։ Մեկ տարի առաջ էլ վաճառել էր 2002 թ.-ի արտադրության «Մերսեդեսը»։ Գնել Սանոսյանը պաշտոնյա դառնալուց հետո հիփոթեքային վարկավորմամբ բնակարան գնելու իրավունք է ձեռք բերել Երևանում կառուցվող շենքում (բնակարանը դեռ շահագործման չի հանձնվել, ուստի սեփականության իրավունքը դեռ գրանցված չէ)։ 2022 թ.-ի ավարտին նախարարն իր բանկային հաշվին ունեցել է ընդամենը 2.9 միլիոն դրամ, իսկ կանխկիկ՝ 7.2 միլիոն դրամ և 150 հազար ռուբլի։ Սանոսյանի կինը՝ Ռուզաննա Տոնոյանը, 2022 թ.-ին հայտարարագրել է 6 անշարժ գույք, բոլորն էլ գտնվում են Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում։ Դրանցից մեկն առանձնատուն է, մյուսները` հողամաս, որոնք ձեռք է բերել 2002-2004 թթ.-ին։ Նախարարի կնոջ դրամական միջոցները հետևյալն են՝ 2.1 միլիոն դրամ բանկային հաշվին, 2 միլիոն դրամ և 260 հազար ռուբլի կանխիկ գումար։
Գնել Սանոսյանի մայրը նախարարի ընտանիքի հետ չի ապրում, ուստի հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունի։ Սակայն, բաց է մնում այն հարցը, թե ի՞նչ միջոցներով է թոշակառու Օլգա Սանոսյանը թանկարժեք առանձնատուն կառուցում և ի՞նչ միջոցներով է դրա համար նախատեսված հողամասը գնել։
Մեկնաբանություն ստանալու նպատակով գրավոր դիմեցինք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին։ Նախարարին երկու հարց ենք ուղղել՝
- Արդյոք առանձնատունը Ձեզ համար է կառուցվում։
- Որտեղի՞ց Ձեր մայրիկին այդքան գումար հողամասի ձեռքբերման և առանձնատան կառուցման համար, ի՞նչ միջոցներով է գոյացել այդ գումարը։
Գնել Սանոսյանի պատասխանը հակիրճ է․ «Առանձնատունը կառուցում են եղբայրներս ծնողներիս համար։ Հայրս ու երկու եղբայրներս տարիներ շարունակ աշխատում են ՌԴ-ում, եղբայրներս այժմ էլ շարունակում են աշխատել այնտեղ։ Հողամասի ձեռքբերումն ու առանձնատան շինարարությունն իրականացվում է նրանց գումարներով»։
Նշենք, որ նախարարի եղբայրներից մեկի կինն աշխատում է «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ում, մյուսի կինը՝ «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ում։ Գնել Սանոսյանի կինն էլ մոտ 1.5 տարի աշխատել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում։
Ի դեպ, Օլգա Սանոսյանի գնած հողամաս տանող ճանապարհի մի մասը՝ 350 մետրը, ասֆալտապատ չի եղել, սակայն ձեռքբերումից հետո ճանապարհի այդ մասը աղացած ասֆալտով է պատվել: Կառուցվող առանձնատան հարևանությամբ այլ բնակելի տներ կան, որոնց սեփականատերերը շարունակում են հողաշեն ճանապարհով անցնել։ Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանը մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ Աբովյան համայնքի Առինջ գյուղի Խ․ Աբովյան թաղամասի 31-րդ փողոցում համայնքի միջոցներով ասֆալտապատում չի իրականացվել։ «Փողոցի որոշակի հատված բնակիչների կողմից բարեկարգվել է վերամշակված ասֆալտի քերուկով»,- իր պատասխանում նշել է համայնքի ղեկավարը»։