▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գնում ենք կարևոր հանդիպման»․ Բագրատ Սրբազան

Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է/Տեսանյութերին ու  իրադարձությունների զարգացումներին հետևեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։

***

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրաժարվեց լրատվամիջոցների ներկայությամբ Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու առաջարկից։ Քաղաքացիները փորձեցին ՄԻՊ թեժ գծի միջոցով կապ հաստատել պաշտպանի հետ, սակայն՝ ապարդյուն։
«Արատավոր փորձառություն է, երբ հանդիպում են փակ պայմաններում, եթե պետական գաղտնիության խնդիր լինի՝ կհասկանամ, բայց չկա, բաց, հանրային խնդիրների վերաբերյալ գնահատականներն են մեզ հետաքրքում»,- ասաց Բագրատ Սրբազանը։ «Օրինակ, եթե ստախոսին ինչ-որ բան պատահի, տեսեք քանի գերատեսչություն կարձագանքի, չէ՞, սակայն Վեհափառի դեմ Սարդարապատում տեղի ունեցածի վերաբերյալ ոչ ոք գնահատական չի հնչեցրել»,- նշեց նա։

***

«Որտե՞ղ է ՄԻՊ-ի գնահատականը ԱԳՆ-ի դիմաց ոստիկանության բիրտ ուժի կիրառման վերաբերյալ։ Որտե՞ղ է ՄԻՊ-ի գնահատականը երիտասարդի դեմքին ոստիկանի կոշիկի հետքի վերաբերյալ։ Որտե՞ղ է ՄԻՊ-ի գնահատականը Վեհափառի ճանապարհը փակելու վերաբերյալ։ Որտե՞ղ է ՄԻՊ-ի գնահատականը պատգամավոր Աշոտ Սիմոնյանին բռնության ենթարկելու վերաբերյալ»,- ՄԻՊ գրասենյակի առջև ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ հաստատելով, որ ՄԻՊ-ի կողմից ոչ մի գնահատական չի հնչել։ «Այսպիսի գնահատականների բացակայությունն է նաև, որ իշխանություններին թույլ է տալիս վարվել ամենավերջին բռնարարի պես»,- հավելեց նա։

***

«ՄԻՊ-ի պաշտոնը զբաղեցնում է սահմանդրության և այս պաշտոնի պահանջներին չհամապատասխանող ոչ թե իշխանության ներկայացուցիչ, այլ իշխանության ներկայացուցչի ընկերուհին»,- ՄԻՊ գրասենյակի առջև ասաց հասարակակա, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։ «Հիմա էս պայմաններում ո՞նց պետք է ակնկալենք, որ նա պաշտպանի քաղաքացիների իրավունքը։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում է մի մրցակցության պայմաններում, որտեղ իրեն առաջադրողներն ու ընտրողները սպառնում էին կտրել մյուս թեկնածուի ականջներն ու լեզուն»,- ասաց Էդգար Ղազարյանը։

***

Հայտնել էինք, որ Բագրատ Սրբազանը և նրա աջակիցները ՄԻՊ գրասենյակի առջև են՝ պահանջելով, որպեսզի Անահիտ Մանասյանն իջնի և պատասխանի իրենց հարցերին։
ՄԻՊ հանրային կապերի բաժնի պատասխանատուն հայտնեց, որ Մանասյանը պատրաստ է ընդունելու Բագրատ Սրբազանին և ևս չորս հոգու, սակայն առանց լրատվամիջոցների՝ նշելով, որ հանդիպումից հետո մանրամասն տեղեկատվություն կտրվի։
«Դժբախտաբար առանց լրատվամիջոցների չենք կարող հանդիպել։ Բաց, թափանցիկ խոսակցություն է, կարևոր է նրանց ներկայությունը»,- պատասխանեց Բագրատ Սրբազանը։

Բագրատ Սրբազանի և երթի մասնակիցների կանգառը ՄԻՊ գրասենյակի առջև է։ «Եկել ենք ՄԻՊ-ի գրասենյակ, որպեսզի մեր հացումներին պատասխաններ տան։ Արդյո՞ք գնահատականներ ունի ՄԻՊ-ը այս ընթացքում տեղի ունեցած գործողությունների վերաբերյալ»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ թվարկելով ոստիկանության կողմից քաղաքացիների հանդեպ կիրառված բռնության դեպքերը։
Նա նաև նկատեց, որ ի տարբերություն այլ կառույցների, ՄԻՊ գրասենյակի մոտ մեծաթիվ ոստիկանական ուժեր չկան․ «Կա՛մ Մարդու իրավունքների պաշտպանն իրենց աչքում կարևորություն չունի, կա՛մ ուզում են ցույց տալ, որ ՄԻՊ-ն իրոք ծառայում է մարդկանց»:

***

«Նախկին նախագահներից միայն Սերժ Սարգսյանի հետ եմ հանդիպել։ Մյուսների հետ հանդիպելու առիթ չի եղել, իրենցից ցանկություն չի եկել, ես էլ չեմ հանդիպել»,- լրագրողների հետ զրուցում այսօր ասաց Բագրատ Սրբազանը։

Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երթի մասնակիցները ակցիա են իրականացնում՝ ի նշան բողոքի։ Նրանք քայլում են՝ բերանները փակած կպչուն ժապավենով:

***

***

«Իմ թիկունքում իմ հարություն առած Տերն է կանգնած ու այդպես ամբողջ կյանքում»,- լրագրողների հետ զրուցում ասաց Բագրատ Սրբազանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե տարբեր մարդկանց անուններ են հնչում, ովքեր կանգնած են իր թիկունքում․ «ԱԱԾ-ն էլ հերքեց այդ բոլոր ասվածները։ Գործ է հարուցվելու, յուրաքանչյուր ասվածի և գործածի համար անպատասխանատու մարդ պետք է չլինի»,- նշեց նա: Հարցին, թե իշխանականների կարծիքով շարժումը մարում է, նա պատասխանեց․ «Իրենց ի՞նչ գործն է՝ շարժումը մարում է, թե ոչ, ինչի՞ են այդքան հետքաքրքրված»։

***

Քաղաքացիները Բագրատ Սրբազանի կոչով հավաքվել  են Սուրբ Աննա եկեղեցու բակում, որտեղից երթ է սկսվում։ «Գնալու ենք շատ կարևոր հանդիպման, բայց չեմ ասելու՝ ուր», երեկ հայտարարել էր շարժման առաջնորդը:

***

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողների հետ զրուցում անդրադարձավ ՔՊ-ականների պնդումներին, թե շարժումը մարում է․ «Շարժումը չի կարող մարել, այն ի սկզբանե ունեցել է հստակ նպատակներ, կան ծրագրեր, որոնք իրենց արդիականությունը չեն կորցրել։ Եթե ոմանք երազում են թե՛ ներսից, թե՛ դրսից ցեխ շպրտել շարժման վրա և իրենց չմասնակցությամբ փորձել վիժեցնել շարժումը, չի ստացվելու։
Մարդիկ, որոնք առաջին օրվանից աջակցություն են հայտնել շարժմանը, հիմա փորձում են իրենց կեղտոտ, նենգ ծրագրերով ու խոսույթով խոչընդոտ հանդիսանալ։ Մարդիկ պետք է բարոյականության և սկզբունքների առումով կես ժամը մեկ կարծիք չփոխեն»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։

***

Երբ Աստված մարդուն ուզում է պատժել, խելքը վերցնում է։ Այս իշխանությունները ո՛չ կենսագրություն ունեն, ո՛չ խելք։

Իրենք ինչո՞ւ են անհանգստանում շարժումը մարում է, թե՝ ոչ, իրենց ի՞նչ գործն է։

Բագրատ Սրբազան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին