Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցով հետաքրքրվողներ կան:
Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:
«Մենք պատրաստում ենք աճուրդի տարբերակը: Հուսով ենք, որ շատ շուտով կառավարության որոշման նախագիծը կներկայացնենք եւ արագ կընդունվի աճուրդով վաճառքի վերաբերյալ: Հետաքրքրվողներ եղել են հայեր, բայց ոչ Հայաստանից: Նրանց թիվը կարծես ավելանում է: Նման խոսակցությունները նպաստում են դրան: Կլինեն մարդիկ, որոնք չեն հայտարարել իրենց հետաքրքրված լինելու մասին, բայց միգուցե աճուրդ հայտարարելուց հետո մասնակցեն դրան»,- ասաց նա:
Հարցին, թե ի՞նչ ժամկետներում հյուրանոցը կունենա սեփականատեր, Բաբայանը պատասխանեց.
«Եթե ոչ այս ամսվա մեջ, ապա դեկտեմբերի սկիզբ: Ամեն ինչ անելու ենք դրա համար»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2018թ–ի նոյեմբերին ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) փաստով։
Ըստ մեղադրանքի` Արմեն Ավետիսյանն իր երեք հյուրանոցները կառուցել է ապօրինի ձեռք բերված միջոցներով, իսկ դրանց ծագումը թաքցնելու համար ներկայացրել իբրեւ արտասահմանյան ներդրում։
Արմեն Ավետիսյանը իրեն պատկանող «Գոլդեն Փելես» հյուրանոցը նվիրել է պետությանը: Սեպտեմբերի վերջին կառավարությունը հավանություն էր տրվել Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը փոխանցելուն:
Նշենք, որ այս հյուրանոցը շարժական եւ անշարժ գույքի հետ միասին գնահատվում է շուրջ 16.5 մլն դոլար:
Նարեկ Բաբայանի զրույցը լրագրողների հետ ԱԺ-ում՝ ամբողջությամբ՝ տեսանյութում