Ռ. Քոչարյանն առիթը բաց չէր թողնում՝ այցելելու շինհրապարակ՝ հպարտորեն ասելով, թե բողոքողներ չկան: Այսօր, երբ ամբաստանյալ Քոչարյանը դատական նիստերում հայտարարում է, որ արդարադատություն չկա, և իր խոսքերով՝ մենք սպանում ենք արդարադատությունը, թերևս գոնե այժմ պետք է հասկանա, թե իրականում ո՞րն էր արդարադատության իրական սպանդը». հոկտեմբերի 5-ին ԱԺ «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով ունկնդրումների ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը: Նրա գնահատմամբ՝ 2000թ. նոյեմբերի 25-ի N774 և դրանից հետո ընդունված մյուս որոշումներն ուղղակի դարձան ճակատագրական: Դրանցով սեփականության խախտման ամենազանգվածային խախտումների հիմքը դրվեց: Գ. Աբրահամյանը նշեց, որ խոնարհվում է բոլոր նրանց առջև, ովքեր երկար տարիներ պայքարել, արդարություն են գտել ՀՀ սահմաններից դուրս: Դա ցուցիչ է, որ երկար տարիներ ՀՀ-ում դատական համակարգը չի գործել: «Հյուսիսային պողոտայով քայլելիս չեն հիշում, թե դրա կառուցման ժամանակ քանի՞ ընտանիքի ճակատագիր խեղվեց: 24 տարի անց ավելի քան 3 հազար անձ ուղղակի տնազուրկ է: Դրա փոխարեն մի որոշակի էլիտար խմբակ դարձավ միլիոնատեր: Այդ դեպքերից յուրաքանչյուրը պետության խարանն է և անարգանք՝ Սահմանդրությանն ու մարդկանց արժանապատվությանը»,-նշեց ԱԺ պատգամավորը:
Հիշեցնենք, որ ունկնդրումների նախաձեռնողն Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն է: Նա նշել է, որ ունկնդրումների նպատակն է վերհանել հանրության կարիքների համար գույքի հարկադիր օտարման միջոցով սեփականազրկված քաղաքացիների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերը, գործընթացի իրականացման տարբեր փուլերում առկա իրավախախտումները, քննարկումներ սկսել օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության և այդ տարիներին քաղաքացիների սեփականության խախտված իրավունքների վերականգնման հնարավոր իրավական ուղիների մշակման շուրջ։
Խորհրդարանական լսումն ամբողջությամբ՝ տեսանյութում: