«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել․
«Մոտ մեկ շաբաթ մի խումբ օրինազանց աշխատակիցների և ԶՊՄԿ հետ չառնչվող քաղաքացիների կողմից իրականացվող գործողությունների հետևանքով ընկերության բնականոն գործունեության ապօրինի խաթարման արդյունքում ընկերությունը օրական մոտ 400 միլիոն դրամի վնաս է հասցվել, իսկ պետությունը միայն հարկերի տեսքով կրել է օրական ավելի քան 100 միլիոնի դրամի վնաս։
Տուժել են ընկերության հազարավոր աշխատակիցներ։ Ակնկալում ենք, որ օրինախախտները կկրեն տեղի ունեցածի համար օրենքով նախատեսված պատասխանատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ։
Տնօրինությունը հիմա գտնվում է հարստացուցիչ ֆաբրիկայում և աշխատանքից հեռացման սպառնալիքների ներքո փորձում է վերագործարկել և այդպիսով կոտրել աշխատավորական ընդվզումը: Հերթափոխը հրաժարվել է վերագործարկել, դուրս է եկել արտադրամասից, գործադուլը շարունակվում է: Այս մասին տեսանյութի միջոցով ասել է գործադուլի համակարգող խմբի անդամ Վահե Մխիթարյանը:
«Համակարգող խորհուրդը որոշում է կայացրել աշխատավորների հետ միասին ընտանիքներով ժամը 13:00-ին հավաքվել ԶՊՄԿ-ի շենքի մոտ. սա արդեն արժանապատվության հարց է, ոչ ոք չի կարող սպառնալիքների, այլ ճնշումների ներքո ստիպել, որ գործարանը վերագործարկվի»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ ԶՊՄԿ-ի աշխատողները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում:
***
Գոռ Մադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Քաջարանի կոմբինատը՝ ՀՀ ամենամեծ հարկատուն, պատկանում է ռուսական կապիտալին։ Կոմբինատի աշխատակիցները պայքարում են աշխատավարձի փոփոխության, աշխատանքային պայմանների ու իրենց իրավունքների համար։ Քաջարանը ՀՀ ամենավտանգավոր քաղաքն է՝ էկո միջավայրի, ջրի որակի, քաղցկեղի տարածվածության առումով։ Ջուրը՝ ժամերով՝ որովհետեեւ ամբողջը կոմբինատինն է, որակն էլ՝ նենց թունավոր գույն ունի, որ նույիսկ լվացվելն ա վտանգավոր։ Մարդիկ ուղղակի կյանքի որակը զիջել են վարձատրությանը, երեխաներին Երեւան ուղարկել թողնելու հույսով, գոնե կյանքի հաշվին մի բնակարան Երեւանում առնեն, մի հատ էլ Քաջարանում՝ վարձով տան շրջակա գյուղերի բնակիչներին։
Սա խորը սոցիալական խնդիր է։ Նաեւ իրավական ու քաղաքական։
Հանրային իրազեկումը կաղում է։ Լրահոսում չկա այդ լուրը՝ պատճաշ ներկայությունը, այնինչ դա վերաբերում է մի ամբողջ մարզի, այսպես թե այնպես դրա շահառումներն են 200.000 ավել մարդ։ Լրահոսում չկա, որովհետեեւ մեդիան Երեւանանակենտրոն է, պետությունը Երեւանակենտրոն է, իրական հայաստանն էլ ֆեյսբուքի, պռոշյան ամառանոցների ու զվարթնոցի եռանկյունում։ Ուր Քաջարանը ուր Երեւանը։ «Ինքնիշխանները», որոնք պետք է բնական դաշնակից լինեին այդ սովորական մարդկանց ընդդեմ ռուսական կապիտալի, որոնք ողջ օրը Պուտին Լուկաշենկո քրֆելով ապրում են, լռում են։ Լռում են որովհետեեւ իմաստության, ճշտի ու գիտակցության աղբյուրը՝ օջախապետը դեռ դիրքորոշում չի հայտնել այս հարցով։ Նրանք ծպտուն չեն հանի, մարդ ես քրֆեն պարզվի ձվածեղապետը կողմ ա, պաշտպանեն՝ պարզվի դեմ ա։ Սա կոչվում ա պավլովի հանրային կարծիք ձեւավորողներ, երբ սպասում են ազդանշանի, ձայնի ու նոր սկսեն միտք արտահայտել։ Եվ այս ամենը ցույց է տալիս ողջ թշվառությունը բազմաթիվ համակարգերի ու հանրային օրակարգերի։