Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, քիչ առաջ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդուն՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու որոշում կայացրեց։
Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց Գուրգեն Խաչատրյանի պաշտպանը՝ Երեմ Սարգսյանը։

Երեմ Սարգսյանն ասաց, որ այն պրոցեսները, որոնք տեղի ունեցան Գուրգեն Խաչատրյանի՝ Ucom ընկերության հետ կապված հայտարարություններից հետո, միանգամից վկայեցին այն մասին, որ կալանավորումը անխուսափելի է. «Ես կարծում եմ՝ բոլորը կզարմանային, եթե ասեի, որ միջնորդությունը մերժվել է, առավել եւս եթե հաշվի առնենք այն զարգացումները, որ տեղի ունեցան դատարանների հետ կապված»: Պաշտպանը նշեց, որ դատարանի նախագահի կողմից միտում է տեսնում դատավորների մակագրման գործընթացի հետ կապված. ըստ նրա՝ Խաչատրյաններին վերաբերող միջնորդությունները ինչ-որ զուգադիպությամբ մակագրվում են դատարանի նախագահի ցանկալի դատավորներին:
Հիշեցնենք, որ մի քանի անգամ ԱԱԾ-ն խուզարկություններ է իրականացրել Խաչատրյանների գրասենյակներում, բնակարաններում։
Երեկ խուզարկություն է իրականացվել Ucom ընկերության նոր տնօրեն Արա Խաչատրանի բնակարանում եւ ընկերության աշխատասենյակում, որը Խաչատրյանների պաշտպանների պնդմամբ եղել է նախկին տնօրենի՝ Հայկ Եսայանի աշխատասենյակը։


