▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գուրգեն Խաչատրյանի մեղադրանքն ավելացվել է. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

ՊԵԿ նախկին նախագահի որդի Գուրգեն Խաչատրյանի մեղադրանքն ավելացվել է. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

Այս մասին հայտարարություն է տարածել Խաչատրյանների փաստաբանական խումբը։

Փաստաբանական խմբի հաղորդագրությունն ամբողջությամբ ստորեւ.

«Երեկ՝ ապրիլի 29-ին, Գուրգեն Խաչատրյանը ստացել է ծանուցագիր քննչական մարմին ներկայանալու համար: Ծանուցագիրը ստանալիս եւ ապա փաստաբանի գրավոր դիմումի համաձայն՝ Գուրգեն Խաչատրյանը նշել է, որ կներկայանա մի քանի ժամից հարգելի պատճառով, սակայն երեկոյան փաստացի դատարան է մուտքագրվել Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն, ինչի մասին փաստաբանական խումբը տեղեկացել է քննիչից։ Փաստաբանները, ստանալով մի քանի հատորից բաղկացած նյութերը, ողջամիտ ժամանակ են խնդրել՝ դրանց ծանոթանալու եւ պաշտպանությունը պատշաճ կազմակերպելու համար, սակայն, փաստորեն, չսպասելով նիստին՝ այսօր արդեն սկսել են լայնածավալ քննչական գործողություններ, ինչի իրավականության մասով հայտնում ենք մեր անհանգստությունը։

Անհրաժեշտ ենք համարում արձանագրել, որ Գուրգեն Խաչատրյանին արդեն իսկ առաջադրված եղել է մեղադրանք, եւ որպես խափանման միջոց ընտրվել էր ստորագրությունը չհեռանալու մասին: Այժմ մեղադրանքը փոփոխվել է եւ ավելացվել է որեւէ քննադատության չդիմացող դրվագով: Ըստ նոր մեղադրանքի՝ Գուրգեն Խաչատրյանը աջակցել է կաշառք ստանալուն, այնինչ ե՛ւ գործի նյութերից, ե՛ւ պարզաբանումներից հստակ երեւում է, որ մեղադրանքում նշված գումարը փոխառություն է, փոխառության պայմանագիրը դեռ գործում է եւ պետք է վերադարձվի ժամկետի ավարտին: Հավելյալ տեղեկատվություն չենք ներկայացնի՝ նախաքննական գաղտնիքը պահպանելու պահանջով պայմանավորված։

Անհրաժեշտ ենք համարում մատնանշել, որ նշված մեղադրանքը պետության կողմից ազատ տնտեսական գործունեության եւ մարդու անձնական կյանքի կոպիտ միջամտություն է: Հաշվի առնելով ՀՀ Կառավարության նախօրեին հնչեցրած պաշտոնական հայտարարությունները (վարչապետի խոսնակի գրառումները)՝ նշված գործընթացը դիտարկում ենք բացառապես ունեզրկման, սեփականության հարակդիր վերաբաշխման լույսի ներքո: Փաստացի պետք է արձանագրենք, որ Խաչատրյանների ընտանիքի հանդեպ գործողությունները, Գագիկ եւ Կարեն Խաչատրյաններին անազատության մեջ պահելը «պատանդի» կարգավիճակով ոչ թե ձեռնարկված միջոցներ են քրեական գործի քննությունն արդյունավետ իրականացնելու, քննությունից թաքնվելը կախելու կամ անձանց պատշաճ վարքագիծն այլ կերպ ապահովելու համար, այլ ոչ իրավաչափ գործողություններ են՝ շահադիտական նկատառումներով»:

Հիշեցնենք, որ մինչ այս Գուրգեն Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրված միայն յուրացման օժանդակության համար: Նրա պաշտպան Երեմ Սարգսյանը մեր զրույցում ասել էր, որ դա եղել է հունվար ամսին: Խաչատրյանը ցուցմունք է տվել եւ մեղադրանքը չի ընդունել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին