▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում կկայանան նախնական ընտրություններ. Նիկոլ Փաշինյան

Գյումրիում կկայանան նախնական ընտրություններ. Նիկոլ Փաշինյան

Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին կկայանան նախնական ընտրություններ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից տեսանյութ հրապարակելով։

«Մասնագետներն ասում են, որ Գյումրիում հաստատված կառավարման ճգնաժամը հնարավոր չի լինելու հաղթահարել առանց վարչապետի միջամտության, և այդ միջամտությունը կայանալու է հետևյալում․ առաջիկայում ընդունվելիք օրենսդրական փոփոխությունների արդյունքում ես պետք է Գյումրիում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեմ։ Քննարկելով նաև ՔՊ վարչության հետ՝ եկել եմ եզրակացության, որ այդտեղ միանձնյա վարչական որոշմամբ չէ, որ պետք է նշանակում իրականացնեմ։ Այդ նպատակով առաջիկայում Գյումրիում տեղի կունենան նախնական քվեարկություններ կամ ընտրություն, որն ընդունված է միջազգայնորեն անվանել «փրայմըրիս։ Ո՞րն է իմաստը․ մենք կխնդրենք ՔՊ անդամների, համակիրների, համախոհների շրջանակից, որ առաջադրվեն կամ ինքնաառաջադրվեն թեկնածուներ, նրանց քաղաքական որոշակի չափանիշներով կգրանցենք, ոմանց գրանցումը հնարավոր է մերժենք, որից հետո Գյումրիի բնակիչների շրջանում, իհարկե՝ ոչ բոլորի շրջանում, որոշակի սկզբունքով, ինչ-որ առումով նաև պատահականության սկբունքով, կիրականացնենք քվեարկություն, դրանց արդյունքով հաղթած թեկնածուին կնշանակեմ Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար, որը մեծ հավանականությամբ կլինի նաև մեր թեկնածուն Գյումրիի քաղաքապետի կամ ավագանու առաջիկա ընտրություններում։

«Փրայմերիզը» տեղի կունենան դեկտեմբերի 8-9-10-ին»,- տեղեկացրել է Փաշինյանը։

***

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաստորեն Նիկոլը վախենում է Գյումրիում ընտրությունների գնալ՝ համոզված լինելով, որ խայտառակ պարտվելու է։ Գյումրիում ՔՊ-ի հաղթանակի համար կա՛մ պետք է ընտրությունների ժամանակ այլանդակ կեղծիքների գնան, կա՛մ դիմեն շամանների օգնությանը։ Վերջիններս հազիվ թե ուզենան ՔՊ-ի նման քաղաքական ուժի հետ գործ ունենալ, իսկ հսկայածավալ ընտրակեղծիքների տակից էլ դժվար է դուրս գալը։
Ուստի որոշել է իրավական ու քաղաքական աճպարարությունների դիմել, նախնական ընտրություն անունով ինչ-որ մեխանիզմ են հնարել, ինչը իրականում ընտրություններ անցկացնելու իմիտացիա է։
Մի կողմից գյումրեցիների համար պատրանք են ստեղծելու, թե ՔՊ-ի մեջ իշխանության թեկնածուի ընտրությունը իբր Գյումրու քաղաքապետի ընտրություն է, մյուս կողմից էլ Գյումրիում ՔՊ-ականների մեջ տեղի ունեցող «բազարներին» հանգուցալուծում են տալիս»։

***

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե հաշվի առնենք, որ Գյումրիում ՔՊ-ականների միջև քաղաքապետի տեղի համար ծեծկռտուքների մասին արժանահավատ տեղեկություններ ենք ստանում, ապա քաղաքապետի Ժ/Պ-ի հարցում սոցհարցում անելու` Նիկոլ Փաշինյանի գաղափարը վատը չէ։
Այո, ավելի լավ է սոցհարցումով (որը Փաշինյանը «փրայմերիզ» է կոչում), քան վարչական որոշմամբ, կամ, առավելևս, բռունցքներով։
Այդուհանդերձ, Գյումրիի համայնքային իշխանության հարցը, միջնաժամկետ առումով, պետք է լուծվի բացառապես արտահերթ ընտրություններով»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին