▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսն ու մարդասիրական խումբը լքել են երկիրն՝ առանց համայնքին տեղեկացնելու

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսն ու մարդասիրական խումբը լքել են երկիրն՝ առանց համայնքին տեղեկացնելու

«Մենք տեղյակ չենք եղել, որ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը և Հալեպի տարածաշրջանում առաքելություն իրականացնող ՀՀ-ի հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խումբը բախումներից առաջ լքել է քաղաքը, համայնքը տեղյակ չէր սրա մասին: 

Տեղեկացանք մենակ այն ժամանակ, երբ նրանք արդեն լքել էին քաղաքը: Բարեբախտաբար հայկական համայնքում տուժածներ չկան: Կապը պահում ենք բոլորի հետ, բայց այս պահին բոլորս էլ անորոշության մեջ ենք»։

Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր 
Զարմիկ Պողիկյան

***

Սիրիայի կառավարական ուժերը նահանջել են՝ YPG-ին (ահաբեկչական Քրդստանի աշխատավորական կուսակցության սիրիական թևը) թողնելով Հալեպում մի շարք ռազմավարական օբյեկտներ, այդ թվում՝ միջազգային օդանավակայանը։ Այս մասին հայտնում է Anadolu-ն։

Տեղական աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն, այն բանից հետո, երբ Սիրիայի իշխանությունների դեմ զինված ընդդիմադիր խմբերը ներխուժեցին Հալեպի կենտրոնական հատված, կառավարական ուժերը լքեցին րոշ ռազմավարական օբյեկտներ։

Նոյեմբերի 30-ի առավոտվա դրությամբ Ասադի ռեժիմի ուժերը շրջանի արևելյան հատվածում գտնվող Հալեպի միջազգային օդանավակայանը, հյուսիսում գտնվող Նուբբուլ և Զահրա ռազմավարական կարևոր բնակավայրերը, Հալեպի արդյունաբերական գոտին և Թել Հասիլ և Թել Առն շրջանները հանձնել են քուրդ զինյալներին:

Սիրիայի կառավարական ուժերը հայտնում են, որ վերջին օրերին տասնյակ զինվորականներ են զոհվել մարտերի ընթացքում:

***

Փաստաբան Սերգեյ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Խաղաղության օրակարգով տոգորվածնե՛ր, Հալեպը տեսա՞ք, մի օր էլ՝ ձեր «բարեկամ» երկրի կողմից ստեղծված այդ ուժերը Երևան են մտնելու:
Հասկացե՛ք, էս տարածաշրջանում խաղաղության միակ գրավականը՝ ուժեղ բանակն է…

***

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքական համագործակցությունը շարունակվում է: Այս անգամ Սիրիայում:
Ռուսաստանը փաստացի լքեց Հալեպը, փոխարենը` Թուրքիան փաստացի մտավ Հալեպ: Այնպես, ինչպես Արցախում եղավ: Չեք մոռացել, չէ՞: Այս անգամ էլ հո Սիրիայի ղեկավար Բաշար ալ Ասադը Պրահայում Հալեպը Թուրքիայի կամ չգիտեմ ում կազմում չէր ճանաչել, չէ՞:
Հալեպը լքելու դիմաց, Ռուսաստանը Թուրքիայից արևմտյան պատժամիջոցներից խուսափելու առաջարկների հերթական փաթեթը կստանա: Չէ, Ռուսաստանը մեղավոր չէ: Վերջինս աշխարհով մեկ ընկած իր քաղաքական և տնտեսական շահն է հետապնդում: Մեղավորը բաշարալասադներն են, որոնք ռուսական շահի համար իրենց պետություններն են կործանում:
Հաջորդը Վրաստանն է: Վերջինիս ղեկավարները հույս ունեն Ռուսաստանի միջոցով հետ բերել Աբխազիան: Միգուցե` հետ բերեն, սակայն, որպես ռուս-թուրքական չկարգավորվող խաչմերուկ, որտեղ գլխավոր ճանապարհը Թուրքիայինն է լինելու:
Չմոռանամ հիշեցնել, որ ռուսական զորքեր կան աֆրիկյան որոշ պետություններում: Ռուսական խաղաքարտեր են հանդիսանում Հյուսիսային Կորեան, Բելառուսը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Ղազախստանը:
Իսկ Հայաստա՞նը: Էլ ի՞նչ Հայաստան...
Ի տարբերություն թվարկածս պետությունների բնակիչների, Հայաստանի բնակիչների զգալի մեծամասնությունը գոհ է, ավելին` հպարտ է, իր «խաղաքարտ»-ի կարգավիճակից»։

***

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի գրառումը․ «Բարեկամ Սիրիայի Արաբական Հանրապետությունում, մասնավորապես, հայահոծ Հալեպ քաղաքում տիրող իրավիճակը չափազանց մտահոգիչ է:
Որպես՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար, երեկ և այսօր ստեղծված իրավիճակի մասին հեռախոսազրույց եմ ունեցել ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նորա Արիսյանի, Բերիո Հայոց թեմի առաջնորդարանի հանրային կապերի պատասխանատու Վրեժ Յագուպյանի, Սիրիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Մարիա Գաբրելյանի հետ:
Իմ և ՀՅԴ Հայաստանի կառույցի անունից զորակցություն եմ հայտնել բարեկամ Սիրիայի ժողովրդին և սիրիահայությանը, ովքեր այս ծանր օրերին դիմագրավում են ահաբեկչական ուժերի և կենտրոնների կողմից հրահրված հերթական ագրեսիան՝ վստահություն հայտնելով, որ Սիրիայի Արաբական Հանրապետությունը կհաղթահարի այս մարտահրավերը»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին