▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համերգ` բարոնուհի Քոքսի նախաձեռնությամբ

Դեկտեմբերի 4-ին Լոնդոնի Սբ. Կիպրիան եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ Ծննդյան տոնին նվիրված համերգ` կազմակերպությամբ HART (Humanitarian Aid Relief Trust) հասարակական բարեգործական կազմակերպության` նախագահ Բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորությամբ: Համերգն ամենամյա է, եւ նրա մասնակից կարող են դառնալ HART-ի կողմից մարդասիրական օգնություն ստացած երկրների ազգային փոքրամասնություների ներկայացուցիչները:

2014 թվականը բացառիկ տարի էր, քանի որ համերգին մասնակցեց չորս երգչախումբ՝ Լոնդոնի Թեքեյան հիմնադրամի նորաստեղծ «Կոմիտաս» երգչախումբը, Լոնդոնի Ուգանդական «Աքոլի» երգչախումբը,  Սբ. Մարտին Եկեղեցու երգչախումբը եւ Լոնդոնի Համալսարանի կամերային երգչախումբը:

Համերգի 350-ից ավելի բրիտանացի հանդիսատեսը ականատես եղավ այս հիանալի երեկոյի տարբեր երկրների երգչախմբային արվեստին, երաժշտությանն ու լեզվին:

Սբ. Կիպրիան եկեղեցու հովիվ Հայր Դեյվիդը հիանալի նախաբանով ողջունեց եւ բեմ հրավիրեց «Կոմիտաս» երգչախմբին: Նա իր հիացմունքը հայտնեց երգչախմբի նախորդ համերգի վերաբերյալ` նվիրված Մեծն Կոմիտասի 145 ամյակին եւ կայացած հոկտեմբերի 18-ին Լոնդոնի Սբ. Եղիշե եկեղեցում:

Քաջատեղյակ լինելով Կոմիտասի կյանքին եւ ստեղծագործություններին՝ Հայր Դեյվիդը ներկայացրեց երգահանին եւ հատկապես անդրադարձավ 1915թ Հայոց Ցեղասպանության ահասարսուռ դեպքերին, որոնց ականատեսը լինելով, Կոմիտասը կորցրեց բանականությունը եւ երկարատեւ տառապանքներից հետո վախճանվեց Փարիզի հոգեբուժարանում:

Համերգին «Կոմիտաս» երգչախումբը կատարեց Կոմիտասի «Այսօր տոն է Սբ. Ծննդյան», Մարտին Նիզրոմի «Ինչպես ծարավ եղջերուն ջուր է որոնում» եւ Ստեփան Լուսիկյանի «Նոր Հայաստան» երգերը: Երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Սիփան Հակոբյանը ներկայացրեց եւ թարգմանեց Ս. Լուսիկյանի «Նոր Հայաստան» երգի խոսքերը. երգը պատմում է Արարատ կանչող երկրի եւ բազմաթիվ դաժան ու օրահասական պահեր ունեցաց ժողովրդի մասին. հնում եղել է Կիլիկիա, եւ այժմ Վարդանանց երկրի զավակներն ապրում են ազատ Հայաստանում եւ աղոթքներով փառաբանում առ Աստված Հայաստան երկրի անկախությունն ու անսասանությունը:

Երգչախմբի ելույթից հետո ողջույնի խոսքով եւ զեկույցով հանդես եկավ պատվարժան Բորոնուհի Քերոլայն Քոքսը: Նա կրին անգամ գնահատեց երգչախմբին՝ դիրիժոր Սիփան Հակոբյանին եւ նախագահ Վարդան Ուզունյանին, որոնք Հայոց Ցեղասպանության 100 ամյակի նախաշեմին նման կարեւո, մշակութապատմական լուրջ քայլ կատարեցին Միացյալ Թագավորությունում՝ ստեղծելով երկար սպասված հայկական երգչախումբ, ազգային հավաքական: Բարոնուհի Քոքսը ներկայացրեց մերօրյա թուրքական կառավարության Հայոց Ցեղասպանության ժխտողական քաղաքակականությունը եւ դատապարտեց այն: Նա նաեւ երկար խոսեց Լեռնային Ղարաբաղի անցյալի ու ներկայի, պատմական անարդարությունների եւ հայ ժողովրդի զրկանքների, այսօրվա մարտահրավերների եւ Ադրբեջանի վայրագությունների ու զինադադարի անօրինական խախտումների, Ղարաբաղի ապագայի ու հայերի ձեռքբերումների մասին: Այս ամենը ներկաներից շատերի համար իրազեկման հիանալի առիթ էր:  

Համերգին բրիտանացի հանդիսաեսից բացի ներկա էին Միացյալ Թագավորությունում հայկական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, Լեռնային Ղարաբաղից Վարդան Թադեւոսյանը, որը ներկայացրեց իր ծրագիրը Ղարաբաղում նոր հիվանդանոց կառուցելու վերաբերյալ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին