ՀՀ ՆԳՆ ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում Արարատի մարզի բնակիչ 25-ամյա երիտասարդը փետրվարի լույս 11-ի գիշերը հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Այս մասին Asekose.am-ին հայտնում են ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Երևանի կենտրոնում «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել:
Տեսանյութը դիտեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով գործադրվել է հրազեն անվադողերի ուղղությամբ:
Եվս մեկ տեսանյութ՝ մեր տելեգրամյան ալիքում
Դեպքի մասին Hetq.am-ը գրել է, որ այն բանից հետո, երբ պարեկներին հաջողվում է կրակելով ծակել մեքենայի անիվները, նրանք կարողանում են մի պահ կտրել Հրապարակի կենտրոնը հատող «Համերի» դիմացը, պարեկները մոտենում են մեքենային, բայց վարորդին չեն կարողանում դուրս բերել, մի քանի վայրկյանից «Համեր»ը նորից կարողանում է ազատվել պարեկներից, շարժվում է Տիգրան Մեծ փողոցի ուղղությամբ, ապա թեքվելով աջ՝ Ագաթանգեղոսի փողոց, մտնում է մոտակա դալանը, եւ վարորդը, թողնելով մեքենան, փախչում է։ Կայքը նաեւ լուսանկարել է «Համերի» պետհամարանիշը, որը պարեկների մեքենաների հետ բախումից ընկել էր Հանրապետության հրապարակի մայթին՝ 35GM730։
Տարածված տեղեկությունների համաձայն՝ վարորդը Արարատի մարզից է՝ Գեղամ Սարադյանը, ով մեքենայի սեփականատիրոջ որդին է․ նրանք գիշերը գտնվել են ոստիկանությունում:
Ըստ շրջանառվող լուրերի, Գեղամ Սահրադյանը ունի առողջական խնդիրներ և առանց զգուշացնելու վերցրել է մեքենան և ուղևորվել Երևան:
Նշենք, որ համացանցի օգտատերերի շրջանում տարակուսանք է առաջացրել այն փաստը, որ մի քանի տասնյակ ոստիկանական մեքենաներ եւ ծառայողներ չեն կարողացել վնասազերծել հանրության համար սպառնալիք ներկայացնող եւ ոստիկանին վրաերթի ենթարկած օրինազանց վարորդին եւ ստիպված են եղել կրակոցներ արձակել քաղաքի կենտրոնում։ Պարեկներին եւ ոստիկաններին օգտատերերը քննադատում են ոչ պրոֆեսիոնալ գործողությունների համար։