Քննչական կոմիտեն ներկայացնում է ազգությամբ արաբ Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերի հարցաքննությունից մեկ հատված: Վերջինս պատմում է՝ որտեղ է ապրել, ինչպես է հավաքագրվել Ադրբեջան մեկնող արաբների կազմում, ինչպես են իրենց տեղափոխել քաղաքացիական օդանավակայան, այնուհետ՝ ավտոբուսներով այլ տեղ:
Ըստ արաբ վարձկանի, իրենց անգամ անձնագրերը չեն ստուգել, ինքնաթիռում եղել են թուրք հրամանատարներ, տեղափոխվել են Թուրքիա, որից հետո նստել այլ ինքնաթիռներ ու տեղափոխվել Ադրբեջան, այնտեղ իրենց համազգեստ ու զենքեր են հանձնել: Թուրք զինվորականները, ըստ հարցաքննվողի, եղել են ռազմական ավիացիայի հիմնական պատասխանատուն, եղել են մոտ 250 արաբ վարձկաններ, նշվածների մի մասը վիրավորվել կամ սպանվել է հայերի հետ կռիվների ընթացքում:
Այլ մանրամասներ՝ տեսանյութում.
ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Սույն թվականի հոկտեմբերի 31-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածի, 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 395-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված առերևույթ հանցավոր արարքների կատարման կասկածանքով ձերբակալվել է Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերը: