▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանքը չշահագործելու պատճառով դարձել էինք գործազուրկ, վերջապես արտագաղթածները կվերադառնան. բնակիչները՝ Ամուլսարի եզրակացության մասին

 

«Իհարկե պետք է աշխատեն, չէ որ չկա վնաս: Ի վերջո, մարդիկ պետք է աշխատեն և ապրեն: Ինձ Ամուլսարի փորձաքննության եզրակացությունը շատ է ուրախացրել, չնայած մինչ այդ էլ վստահ էի, որ հենց այսպես էլ լինելու է, քանի որ վստահ էի, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը հենց այնպես ոչինչ չի անում, եթե շահագործում է հանքը, ուրեմն՝ դրա հիմքերն ունի: Առհասարակ, նրանք միշտ էլ բոլոր հարցերին ճիշտ էին մոտենում, վստահ էի, որ չէին վնասում շրջակա միջավայրը»,-Asekose.am-ին ասաց Գնդեվազի բնակիչ Մինաս Արշակյանը՝ անդրադառնալով Ամուլսարի փորձաքննության եզրակացությանը:

Սարավանցի  Գարեգին Կարապետյանի խոսքով էլ՝  իրենց համայնքը կփրկվի գործազրկությունից.

«Մեր կառավարությունն այդքան գումար և ժամանակ է ծախսել և այս փորձաքննությունն է իրականացրել, ինչի արդյունքում էլ պարզ է դարձել, որ «Լիդիան Արմենիա»-ն ամեն բան իրականացնում էր օրենքի սահմաններում, այդ դեպքում միանշանակ է, որ պետք է հանքը շահագործվի, ժողովուրդն էլ գործազրկության չի մատնվի: Միանշանակ համաձայն  եմ եզրակացության հետ, մինչ այդ էլ վստահ էի, որ վնաս չկա: Գործազրկության մակարդակն ահավոր է այս պահին, երիտասարդների մեծամասնությունն արտագաղթել է, կարծում եմ՝ հիմա հետ կգան, քանի որ շատերն էին սրտի թրթիռով սպասում այս եզրակացությանը: Բոլորն էլ ուրախ են, որ հիմա ստիպված չեն լինի օտարության մեջ ապրել՝ հեռու լինելով իրենց ընտանիքից»:

Գործազրկության խնդրի մասին խոսեց նաև Ջերմուկի բնակիչ Արթուր Ասլանյանը.

«Ես կողմ եմ, որ հանքը շահագործվի, քանի որ վստահ էի, որ այն չի վնասում, պարզապես «Լիդիան Արմենիա»-ի նախկին շատ աշխատակիցներ իրենց վատ աշխատանքի պատճառով զրկվել էին աշխատանքից և սկսել էին նման թեմայի շահարկումը: Իրականում դրանք օդից կախված խոսակցություններ էին, ինչի հետևանքով մարդիկ ունեցան աշխատանքի խնդիր՝ չիմանալով՝ ինչպես ապրել, շատերը թաղվել էին  վարկերի մեջ:  Եթե հանքի շահագործումը վնասեր մեզ, ինքս դեմ կլինեի, քանի որ երեխաներս են այստեղ ապրում, բայց դրանք անհիմն խոսակցություններ էին»:

Հիշեցնենք, որ «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից շրջակա միջավայրն աղտոտելու վերաբերյալ տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու հանագամանքի մասին տվյալներ ձեռք չեն բերվել, քրգործ հարուցելու հիմքեր չկան, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել էր ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը:

Եզրակացությանը հակիրճ անդրադառնալով՝ Իվանյանը նշել էր, որ ծրագրի տարածքի և Ջերմուկի թերմալ աղբյուրների միջև ստորգետնյա ջրերի հոսքի և աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն: Համաձայն եզրակացության՝ երկրաշարժի դեպքում դարձյալ ազդեցություն կրած ջրերը Ջերմուկ չեն հասնի: Կեչուտի ջրամբարի և Սևանի վրա ևս ազդեցություն չի լինի: «Երկրաշարժի դեպքում ազդեցությունը կրած ջրերի պոտենցիալ միախառնումը նախ Կեչուտի ջրամբարի ջրերի, հետո՝ Սևանա լճի ջրերի հետ չի առաջացնի Սևանա լճի կոնցենտրացիայի նշանակալի կամ նույնիսկ չափելի փոփոխություններ», - եզրակացությունից մեջբերում է արել Իվանյանը:

Եզրակացության համաձայն՝ Որոտան, Արփա, Դարբ գետերի վրա ազդեցությունն անորոշ է:

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին