ՀԱՊԿ-ն մեզ համար կազմակերպություն է, որն ունի ռազմավարական նշանակություն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նկատեց, որ հանդիպմանը մասնակցում է նաեւ Սերբիայի խորհրդարանի նախագահը՝ նշելով. «Ուրախ եմ, որ վերջին շրջանում տարբեր ձեւաչափերով հանդիպում ենք մեր սերբ գործընկերներին, այդ թվում Եվրասիական տնտեսական խորհրդի, ՀԱՊԿ-ի»:
«Մենք համարում ենք, որ ՀԱՊԿ-ն կայունության եւ անվտանգության կարեւոր գործոն է մեր տարածաշրջանում եւ մենք կարեւոր նշանակություն ենք տալիս ՀԱՊԿ-ում մեր համագործակցության բոլոր 3 հարթություններին: Առաջին հերթին դա արտաքին քաղաքականության կոորդինացումն է, դա ռազմական, ռազմատեխնիկական համագործակցությունն է, եւ իհարկե, անվտանգության ոլորտում մեր ընդհանուր մոտեցումն է ընդհանուր սպառնալիքներին:
Սպառնալիքները, ցավոք, նույնպես զարգանում եւ փոխվում են, եւ մենք պետք է համարժեք լինենք դրանց, նաեւ ՀԱՊԿ-ն պետք է համապատասխանի այն ժամանակակից իրողություններին, որոնք առկա են տարածաշրջանում եւ աշխարհում: Ես ուրախ եմ, որ մենք բավական կառուցողական համագործակցում ենք ՀԱՊԿ հետագա զարգացման ուղղությամբ:
Մենք կարեւոր նշանակություն ենք տալիս կազմակերպության խորհրդարանական վեհաժողովին, որովհետեւ կարծում ենք, որ շատ կարեւոր է անդամ երկրների օրենսդրությունների ներդաշնակեցումը:
Ես բավարարված եմ, որ մեզ հաջողվեց համաձայնության գալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակման հարցում: Մենք պետք է ինչ-ինչ փոփոխություններ կատարենք իրավական, կազմակերպչական փաստաթղթերում, որպեսզի այդ բոլոր իրավիճակները լուծումներ ունենան: Դա կբարձրացնի մեր կազմակերպության արդյունավետությունը:
Մեր կազմակերպության գլխավոր էությունն այն է, որ մեր արտաքին քաղաքական, ռազմատեխնիկական, ընդհանրապես, բոլոր ուղղություններով հարաբերություններում հաշվի առնվեն բոլոր անդամ երկրների շահերը»,-ընդգծեց Փաշինյանը: