Ապրիլի 24-ին Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումները կսկսվեն առավոտյան 08:00-ից. այս մասին ասուլիսում հաղորդեց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը: «Հայաստանից եւ Արցախից մեր հայրենակիցները կարող են 1915 կարճ համարին ուղարկել SMS հաղորդագրություններ, եւ երեկոյան Ծիծեռնակաբերդի սյուներին լուսապատկերի միջոցով կգրվեն նրանց անունները, որով կերեւա նրանց խորհրդանշական ներկայությունը: Առավել քան վստահ եմ, որ հարյուր հազարավոր անուններ կունենանք Ծիծեռնակաբերդի սյուներին»,- ասաց նա:

Սփյուռքից հնարավոր է SMS ուղարկել 0037433191500 համարին: Յուրաքանչյուր հեռախոսից հնարավոր է ուղարկել ոչ ավելի, քան 5 հաղորդագրություն, անուն-ազգանունները ցանկալի է, որ լինեն հայատառ: «Ես կխնդրեմ մեր հայրենակիցներին, որ գովազդային նյութեր չուղարկեն: Իմանան՝ բոլոր հաղորդագրությունները, որ չեն պահպանի այդ կանոնները, ուղղակի կզտվեն, եւ սյուներին միայն կունենանք այն հաղորդագրությունները, որ կլինեն կանոնների սահմաններում»,- ասաց Վիրաբյանը:
Նա հաղորդեց, որ հեռախոսային օպերատորների հետ բանակցությունների արդյունքում բոլոր օպերատորները հիշատակի միջոցառումներին իրենց մասնակցության պատրաստակամության մասին են տեղեկացրել, ըստ այդմ՝ հաղորդագրությունների արժեքը կլինի խորհրդանշական 1 դրամ: «Ուղղակի որոշակի օրենսդրական գործողությունների արդյունքում է, որ չի թույլատրվում անել անվճար, որովհետեւ օպերատորները համաձայն էին նաեւ անվճար իրականացնել: Կարծում եմ, որ մենք ամբողջ օրվա ընթացքում՝ մինչեւ լուսաբաց, կտեսնենք մեր հայրենակիցների ներկայությունը Ծիծեռնակաբերդում: Սա լավագույն լուծումն էր, որ կարողացել ենք առաջարկել եւ մեր մասնակցությունն այսպես ապահովել»:
Վիրաբյանը տեղեկացրեց, որ այս պահին Ծիծեռնակաբերդում իրականացվում են կազմակերպչական աշխատանքներ: Գեղարվեստական հատվածը լինելու է ուղիղ եթերում: «Մենք առաջին անգամ է, որ Ծիծեռնակաբերդում 10-11 ժամ տեւողությամբ համերգային ծրագիր ենք ունենալու»: Նրա խոսքով՝ հետագայում այս տարվա հիշատակի միջոցառումներն իրենց ձեւաչափով կառանձնանան:
Տեսանյութը՝ ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝


