Ամիսներ առաջ մի շարք քաղաքացիներ ահազանգել էին, որ Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն Փելըս» հյուրանոցի տնօրինությունը պատրաստվում է առաջիկայում նոր շինարարություն սկսել: Ըստ շրջանառվող տեղեկությունների` շինարարությունը սկսվելու էր հյուրանոցի հետնամասում, որն աննկատ էր մնալու քաղաքացիներից և քաղաքային իշխանություններից:
Ինչպես երևում է՝ շինարարությունը սկսվել է և հերթական զոհը Հաղթանակի զբոսայգին է:
«Երբ մտնեք այգի՝ առաջին հայացքից կթվա, թե ինչ է, սովորական սովետական այգի է, բայց, երբ մի քիչ առաջ գնաք՝ կտեսնեք, որ այգին անտերության է մատնված: Այգում գտնվող վերամբարձ կռունկը նկատեցի, բայց չհասկացա՝ այգում է, թե՞ փողոցում: Այսօր պատահաբար տեսա, որ սկսվել է շինարարությունը: Գնացինք այնտեղ և մեր նկարահանող խմբին ասացին, որ շինարարության թույլտվությունը եղել է դեկտեմբերին: Այգու հաշվին կրկնակի մեծացնում են տարածքը»,-ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց երգիչ Արթուր Իսպիրյանը՝ նշելով, որ հերիք չէ պետական այգին գնել են, ինչի իրավունքը բնականաբար չունեն, մի բան էլ՝ հյուրանոց են կառուցում, ծառեր են հատում, խմելու ջուրն օգտագործում են բետոնային շաղախի համար:
«Հաղթանակի զբոսայգին կորչում է: Սա պատմական արժեք ունեցող այգի է, վտանգված է մեր և նրանց երեխաների առողջությունը»,-նշեց Արթուր Իսպիրյանը: