▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայ-ամերիկյան փաստաթուղթը որքանո՞վ է երաշխավորում ՀՀ սահմանների անվտանգությունը»․ հարց՝ Սուրեն Պապիկյանին

«ՀՀ սահմանների անվտանգությունը պետք է երաշխավորենք մեր բալանսավորված քաղաքականությամբ։ Բեռը դնել միայն Զինված ուժերի կամ մեկ գործընկերոջ վրա, դա լուծում չէ»,- ասուլիսի ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ի պատասխան հարցին, թե հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրման փաստաթուղթը որքանո՞վ կարող է երաշխավորել ՀՀ սահմանների անվտանգությունը։ Անդրադառնալով Ալիևի սպառնալից հռետորաբանությանը՝ Պապիկյանն ասաց․ «Հռետորաբանությունը հռետորաբանություն, սակայն ցանկացած ագրեսիայի համար պետք են հիմքեր։ Ես՝ որպես Պաշտպանության նախարար, չեմ տեսնում, որ կան հիմքեր, որպեսզի տարածաշրջանը էսկալացվի, որովհետև յուրաքանչյուր խնդրի մասով Հայաստանն ունի առաջարկներ և լուծումներ»,- նշեց նա՝ հավելելով, որ ՀՀ դիրքորոշումն այն է, որ երկխոսության միջոցով հնարավոր է հասնել խաղաղության։

***

«Ուրախ եմ, որ հայ-ամերիկյան համագործակցությունը հասել է այդ հանգրվանին։ ՀՀ ՊՆ-ի և ԱՄՆ պաշտպանական դեպարտամենտի միջև համագործակցությունը, ըստ էության, չի փոխվում այս նոր փաստաթղթից»,- ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրմանը։ «Մեր համագործակցությունը ամբողջությամբ տեղավորվում է նոր փաստաթղթի շրջանակներում։ Վերջին տարիներին շարունակվում են մեր զորավարժությունները, մեր համագործակցությունը՝ խորհրդատվության, սերժանտական համակարգի և ՀՀ ԶՈՒ կերպափոխման շրջանակներում։ Առկա տեմպը բավականին լավն է և լիահույս ենք, որ համագործակցությունն ավելի կամրանա»,- հավելեց նախարարը։

***

«Օբյեկտիվ և կշռադատվա՞ծ է արդյոք մեր դիրքորոշումը՝ չլինել ՀԱՊԿ հովանու ներքո․․․ ես կարծում եմ, որ ամեն օր դա ապացուցվում է։ Քանի դեռ մեր ՀԱՊԿ գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքն ու դիրքորոշումը, մեր վերաբերմունքն ու դիրքորոշումը մնում է լեգիտիմ և բխում է ՀՀ շահերից»,- ընթացող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա նաև նշեց, որ այս տարի հայ-ռուսական զորավարժություններ ծրագրված չեն․ «Իհարկե տարին նոր է սկսվել և չեմ կարող ասել, որ չեն լինի, բայց այս պահի դրությամբ պլանավորված չեն»,- ասաց նախարարը՝ միաժամանակ նշելով, որ միջազգային մի շարք գործընկերների հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու պայմանավորվածություններ կան, որոնց մասին հանրությունը կտեղեկացվի, երբ ժամանակը գա։

***

«Երկու հարևան երկրներ, ինչպես որ միջազգային փորձն աշխարհում կա, նման ստանդարտների մեխանիզմների կիրարկման միջոցով հնարավորություն կստանան փոխադարձաբար վերահսկելու և, ըստ անհրաժեշտության, ըստ համաձայնության, սահմանափակելու յուրաքանչյուր երկրի սպառազինություն, բայց խոսքը փոխադարձության, փոխադարձ պայմանավորվածությամբ խաղաղություն կերտելու մասին է»,- տարեկան ամփոփիչ ասուլիսում այսպիսի հայտարարություն արեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով ՀՀ-ի կողմից գնված զենքերի մասին Ադրբեջանին տեղեկություն տալու հավանականության վերաբերյալ հարցին։

«Հայաստանի Հանրապետությունն առաջիկայում նաև նմանատիպ առաջարկ կտա մեր գործընկերներին, մեր հարևաններին։ Ես կարծում եմ, որ նմանատիպ համաձայնությունը ձեռբքերում կլինի ոչ միայն ՀՀ-ի և տարածաշրջանի, այլև Ադրբեջանի ու իր քաղաքացիների համար, որովհետև դա կդառնա հիմք և երաշխիք, որ տարածաշրջանը ոչ միայն չի մտնի սպառազինության մրցավազքի մեջ, այլև երկարաժամկետ խաղաղության գործընթացի մեջ մտնելու հնարավորություն կունենանք»,- նշեց Սուրեն Պապիկյանը։

***

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձել է բանակում մահվան դեպքերի պատճառներին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք իրեն պատասխանատու և մեղավոր է զգում անցյալ տարի 36 զինծառայողի մահվան համար, նշեց․ «Եթե ելնենք այն հանգամանքից, որ ես պաշտպանության նախարար եմ, ես բնականաբար ունեմ պատասխանատվության իմ բաժինը․ պպատասխանատվությունն այն է, որ ԶՈՒ-ում առկա խնդիրների առկայությունը չենք կարողացել հասցնել զրոյական մակարդակի։ Բայց սա միայն ԶՈՒ-ի խնդիրը չէ, խնդիրներն ունեն ակունքներ, պատճառահետևանքային շղթա է․․․ Բանակում խաղաղ պայմաններում մահվան 36 դեպքերը միայն սպանություններ և ինքնասպանություններ չեն, տարբեր հանգամանքներում են տեղի ունեցել»։ Պապիկյանը հավելեց, որ այդ դեպքերը ներառում են հիվանդությունները, ճանապարհատրանսպորտային պատահարները, դժբախտ պատահարները, ինչպես նաև քաղաքացիական կյանքից բանակ եկած հանցավոր ենթամշակույթի բարքերով պայմանավորված սպանություններն ու ինքնասպանությունները։

«Սա միայն ՊՆ նախարարի հարցը չէ, հանրության շրջանում նույնպես պետք է համապատասխան վերաբերմունք ցուցաբերվի քրեական ենթամշակույթին, «տղայական» պատկերացումներին»,- ընդգծեց նախարարը՝ նկատելով, որ ժամանակակից տեխնոլոգիաներն ու երևույթները նույնպես իրենց բացասական ազդեցությունն են ունենում, և հավելելով, որ 2022թ․ ուսունասիրություն կա, թե ինչ թվով զորակոչիկներ են երբևէ թմրանյութ օգտագործել։

«Գլոբալ խնդիրը հանրային պատկերացումներն են, հանրային մոտեցումներն են Զինված ուժերին, այստեղ անելիք կա»,- եզրափակեց նախարարը՝ հավելելով, որ վերջին տարիներին բանակում խաղաղ պայմաններում զինվորների մահվան դեպքերը բացահայտվել են։

***

«Ես կարծում եմ, որ 2020-2022 թվականներին տեղի ունեցած իրադարձությունները, որոնք շարունակվում են այսօր հանրային, այդ թվում՝ տեղեկատվական դաշտում հարձակումների, ճնշման տեսքով ի հայտ գալ, խոսում են այն մասին, որ ՀՀ-ն պետք է խնդիրները լուծի իր ուժերով»,- ասուլիսի ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Այդ խնդիրների լուծումները պիտի շերտավորվեն և բալանասավորվեն, այսինքն՝ մենք պետք է ունենանք արտաքին քաղաքական աջակցություն, միջազգային լեգիտիմություն, պաշտպանունակ բանակ և, իհարկե, ժողովրդավար երկիր, որը կենսունակ է լուծել իր խնդիրները։

Կասկածի տակ է դրվում՝ արդյոք օբյեկտիվ և կշռադատված է մեր դիրքորոշումը՝ չլինել ՀԱՊԿ հովանու ներքո՝ դե ֆակտո․ ես կարծում եմ՝ ամեն օր դա ապացուցվում է։ Քանի դեռ ՀԱՊԿ գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքն ու դիրքորոշումը, մեր վերաբերմունքն ու դիրքորոշումը լեգիտիմ են և բխում են ՀՀ-ի շահերից»,- ընդգծեց նախարարը։

***

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի Նախարարը 2024 թվականի գործունեությունն ամփոփող ասուլիսի ընթացքում, գնահատելով Հայաստանի ներկա անվտանգային իրավիճակը և անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական ագրեսիայի վերաբերյալ հարցին, նշեց․ «Ագրեսիվ հայտարարություններին չեմ անդրադառնում նրա համար, որովհետև յուրաքանչյուր ագրեսիա իրականացնելու համար անհրաժեշտ են հիմքեր, իսկ այդպիսի հիմքեր չկան, որովհետև ՀՀ-ն հանդես է գալիս տարածաշրջանային խաղաղություն հաստատելու նարատիվով, և այդ նարատիվներն ու առաջարկները բավականին հիմնավոր են»։

Նա նաև նկատեց, որ տարածաշրջանի անվտանգությունը և Հայաստանի անվտանգությունը պայմանավորված չեն միայն Հայաստանով և իր մեկ հարևանով, այլ պայմանավորված են նաև ամբողջ տարածաշրջանով։

«Իհարկե, տարածաշրջանը հեշտ ժամանակներ չի ապրում, բայց, միևնույն ժամանակ, ես տեսնում եմ, որ առկա խնդիրները հնարավոր է լուծել բանակցությունների միջոցով»,- ընդգծեց ՀՀ պաշտպանության նախարարը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին