Մամուլից մենք տեղեկացանք, որ «Հայ-արաբական միջազգային իրավական խուրհուրդ» կազմակերպություն անդամները՝ կենտրոնական խորհրդի նախագահ, փաստաբան Հոսամ Ալ-Դին Ալ Հաբաշի և գլխավոր քարտուղար Վահե Մահշիկյանի գլխավորությամբ ներկայումս շատ ակտիվ հանդիպումներ են ունենում տարբեր երկրների պաշտոնյաների հետ: Հատկապես տպավորիչ են նրանց հանդիպումները տարբեր երկրների օրենսդիր մարմինների ներկայացուցիչների հետ: Խորհրդի անդամները հորդորում են պատգամավորներին օրինագծեր պատրաստել, որոնցով ՊԱՏԻԺ ՈՒ ՀԱՏՈՒՑՈՒՄ է սահմանվում Հայոց ցեղասպանության ժխտման համար: Նրանք արդեն հանդիպել են Լիբանանի ԱԺ նախագահին: Մոսկովյան այցից առաջ մենք զրուցեցինք «Հայ-արաբական միջազգային իրավական խուրհրդի» ռուսաստանյան համակարգող Արփինե Գրիգորյանի հետ՝ պարզելու խոհրդի հետագա անելիքների և ռուսաստանյան ծրագրերի մասին:
Պատմեք Ձեր առաջիկա այցերի մասին
Դեկտեմբերին սպասվում է մեր խորհրդի ներկայացուցիչների այցը Եգիպտոս: Լինելով Ռուսաստանի ներկայացուցչության ղեկավար՝ ես իմ ներկայությունը պիտի ունենամ նաև Եգիպտոսում: Հետո մենք պիտի մեկնենք Մոսկվա:
Իսկ ու՞մ հետ եք հանդիպելու և ո՞րն է լինելու քննարկվելիք հարցերի շրջանակը
Առայժմ նախնական պատասխաններ տալ չեմ ցանկանա, բայց մեր մամուլի բաժինը շատ օպերատիվ է աշխատում և այդ ամենի մասին պատշաճ կերպով հանդիպումներից հետո կտեղեկացվի:
Ո՞րն է Ձեր առաքելությունը կազմակեպությունում
Արդեն նշվել է, որ կազմակերպությունը ստեղծվել է փաստաբան Հոսամ Ալ-Դին Ալ Հաբաշի և Վահե Մահշիկյանի կողմից: Մեր նպատակն է՝ հատկապես արաբ ժողովուրդին իրազեկ դարձնել հայերի բնաջնջման փաստին Օսմանյան Թուրքիայի կողմից, որը դեռ չի ճանաչվել իրենց իսկ կողմից և հայոց հարցին առնչվող փաստաթղթերը և արաբական հանրային կարծիքը ծառայեցնել ի օգուտ Հայոց հարցի արդարացի լուծմանը: Տարբեր երկրներում ունենք ներկայացուցիչներ, ես համակարգում եմ Ռուսաստանի գործունեությունը, կապ եմ հաստատում ռուս պաշտոնյաների հետ: Ռուսաստանում խորհուրդն ունի իր առանձին գրասենյակն ու աշխատակազմը, ովքեր զբաղվում են արտաքին կապերով: Այդ մասին նույնպես հետագայում ավելի մանրամասն կպատմենք:
Ինչպե՞ս ներգրավեցիք այդ աշխատանքի մեջ
Ես շատ ակտիվ եմ, սիրում եմ զբաղվել հասարակական գործունեությամբ: Նաև ինձ հետաքրքրում է քաղաքական ասպարեզը, որը ինձ ազգիս ծառայելու հնարավորություն ընձեռում: Ուսումը ավարտելուց հետո առաջարկ եմ ստացել աշխատել Ռուսաստանում և մեկնել եմ Ռոստով: Ծանոթանալով «Հայ-արաբական միջազգային իրավական խորհրդի» գործունեությանը և կանոնադրությանը՝ մեծ ոգևորություն ապրեցի, քանի որ ես կիսում եմ այդ գաղափարները և ցանկանում եմ օգտակար լինել իմ չափով: Վահե Մահշիկյանը գնահատեց իմ ջանքերը և վստահեց ինձ Ռուսաստանի համակարգողի պաշտոնը:
Ծա՞նր է հասարակական գործունեություն ծավալել՝ լինելով աղջիկ
Երբ ունես կոնկրետ նախանշված ծրագրեր, ամուր զինված ես գաղափարներով բոլոր ծանրությունները հաղթահարելի են՝ հատկապես այն դեպքում, երբ մեր աշխատակազմը ամեն հարցով աջակցում է: Ուրախ եմ, որ հնարավորություն կա միջազգային ասպարեզում որոշակի առումով օգտակար լինել: Վստահ եմ, որ շուտով իմ և իմ գործընկերների աշխատանքը ավելի տեսանելի կլինի:
Հեղինակ՝ Լևոն Փանոսյան