Armlur.am-ը գրում է. Ադրբեջանական haqqin.az կայքը գրել է, որ հայ սպա Նորայր Ժորայի Մինասյանը դիմել է Վահան Մարտիրոսյանին՝ խնդրանքով օգնություն ցուցաբերել և օգնել տեղափոխվել Ադրբեջան: Վերջինս ցանկություն է հայտնել Բաքվում մամուլի ասուլիս անցկացնել: 36-ամյա Ն.Մինասյանը ծառայել է №70179 զորամասում Նախիջևանի սահմանին: 2014թ. Մինասյանը ձերբակալվել է զորամասն ինքնակամ լքելու մեջ մեղադրանքով: Մինասյանը, ով այժմ գտնվում է Սոչիում, պատմել է, որ ձերբակալությունից հետո Երևանում գտնվող իր ընտանիքին սկսել են ճնշել հայկական իշխանությունները, և նա օգնություն է ակնկալում ադրբեջանական իշխանություններից:
Կայքը տեղեկությունը ճշտելու համար զրուցել է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանի հետ: Վերջինս նշել է.
«Մենք հիմա դա ուսումնասիրում ենք, քանի որ ադրբեջանական լրատվամիջոցների ասածներին պետք է շատ լուրջ վերապահումներով մոտենանք»:
Գևորգ Ալթունյանի խոսքով ՝ այս պահին կատարվում են ուսումնասիրություններ, ճշտվում է տեղեկությունը.
«Հասկանանք, թե որքանով է համապատասխանում իրականությանը, հետո նոր հաղորդագրություն կտարածենք: Քիչ ավելի ուշ ամեն ինչ ավելի հստակ կլինի»:
Կայքին հաջողվել է խոսել նաև Նորայր Մինասյանի կնոջ հետ: Նա վստահեցրել է, որ ամուսինը հայրենասեր մարդ է, ծառայել է Քարվաճառում, ունի նաև հեղինակած գրքեր, ֆիլմեր: Կինը բացառել է Ադրբեջանին հանձնվելու մտադրությունը՝ վստահեցնելով , որ ադրբեջանական լրատվամիջոցներն ապատեղեկատվություն են տարածում:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում