▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը մեկ մարդու թատրոն, պատանդ և խաղալիք. Միքայել Մինասյան

Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Զգացե՞լ եք, որ մեր երկրում միայն մեկ մարդ է խոսում, ընդ որում՝ կարևոր չէ, թե ինչից. համաշխարհային ճգնաժամից, կորոնավիրուսից, ինքնամեկուսացումից, ապագայից, անցյալից, դատաիրավական բարեփոխումներից, սուրճի ապարատից, համբուրվելուց, գներից, նոր տեխնոլոգիաներից։ Եվ այդ մեկը ինքն է՝ մարդ-նվագախումբը կամ պարզապես երկրի վարչապետը։

Նա խոսում է անդադար՝ լայվով, հետո հեռուստահարցազրույցով, հետո կառավարության նիստին, ապա շտապում է Ազգային ժողով, որտեղ նույնիսկ պատգամավորներն են հարցերը հանում, բայց նա միևնույն է խոսում է։ Ուրիշ որևէ մեկը հիմա լիներ նրա փոխարեն, կուտակված խնդիրներից և պատասխանատվությունից քունը կորցրել էր, կաբինետից դուրս չէր եկել, օպերատիվ շտաբը դարձրել էր 24-ժամյա։ Իսկ գործող վարչապետի մոտ դատարկախոսության տարափ է. խոսում է պատեհ, անպատեհ, գրում է ամեն ինչի մասին, երբեմն այնքան է շտապում, որ ինքն իրեն խմբագրում է, սոցցանցերում կիսվում է իրեն գովերգող կեղծ օգտատիրոջ գրառմամբ, հետո ջնջում է, կիսվում է միջազգային մամուլում պատվիրված գովազդ-հոդվածով կամ անհայտ ծագման վիդեոբովանդակությամբ։

Պետական գործչի ու երկրի առաջնորդի խոսքը նա դարձրել է ֆոնային ռադիո, երբ այն միշտ կա ու կարելի է մի քիչ բարձրացնել, երբ պարապ ես, և անջատել կամ ցածրացնել, երբ գործ ունես։ Իսկ ինքը միշտ անգործ է. նա խոսում է ու չի աշխատում։ Իսկ հիմա ավելի մեծ աղմուկով չի աշխատում։ Նա իրեն հաշիվ չի տալիս, թե ինչ է խոսում, ինչպես, որտեղ և երբ։ Կորոնավիրուսի մասին սկզբում կատակում էր, հետո պնդում, որ հոնի օղիով կարելի է բուժել, հետո հայտարարում, թե երանի վարակվեր, որ երկրորդ անգամ չհիվանդանար, ու չի էլ մտածում, որ օղին չի՛ բուժում, վարակը կարող է կրկնվել, իսկ նժարին դրված է մարդկային կյանքեր։

Խոսում է կորոնավիրուսից հետո տնտեսական հեղափոխության և զրոյական կետից սկսելու մասին, երբ արդեն այսօր սկսվել է ֆինանսատնտեսական քաոս, որը ոչ թե զրոյացնելու է, այլ բերելու է աննախադեպ մեծ ծավալի աղետի։ Այդ աղետը չի գալու։ Արդեն եկել է։ Օգտագործում է արտակարգ դրությունը ոչ թե վարակի տարածումը կանխելու, այլ ԶԼՄ-ներին վերահսկելու համար, որովհետև բացի մամուլից, առայժմ որևէ մեկը չի զգում, որ երկրում իսկապես արտակարգ դրություն է։ Մի ամբողջ ազգ ու պետություն պատանդ է նրա բարդույթներին ու անհավասարակշռությանը։

Ոմանք պնդում են, որ ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը։ Ես համաձայն չեմ։ Մեր ազգն ու յուրաքանչյուրս ունենք մեղքեր, բայց սա անհամարժեք պատիժ է։ Եվ ամենամեծ ողբերգությունն այն է, որ նա չի դադարելու ոչ մի պարագայում։ Չի լրջանալու ոչ մի պահի ու չի զգալու մի ամբողջ երկրի ճակատագրի պատասխանատվությունը։ Որովհետև նրան թվալու է, որ, ինչպես միշտ, մի բան կմտածի։ Ինչպես մտածեց Էջմիածնից վարակակիր կնոջ «օպերացիան» ու այնպես ներկայացրեց, որ կորոնավիրուսի տարածումը հենց այդ տիկնոջ մեղքով էր։ Միայն նրա։ Ոչ ոք պատասխանատու չէ։ Ու երբ գա պահը, նոր մեղավոր կգտնի ու կսկսի դատարկախոսության՝ իրեն բնորոշ տարափը։

Բայց դրա ժամանակն էլ է անցել: Եկել է օրը, երբ «Երկիր-ՀԺ»-ն պարտավոր է առերեսվել իրականությանը՝ դառնալով Հայաստանի հանրապետություն, ու այլևս հնարավոր չի լինի աղետը հետաձգել, կամ դնել հանրաքվեի կամ դրանում մեղադրել ուրիշներին։ Կպարզվի, որ երկիրը կարիք ունի ոչ թե գլխավոր խմբագրի, այլ պատասխանատու ղեկավարի, որովհետև պետության և մարդկային համբերության ռեսուրսները սպառվում են։

Համաշխարհային փորձը հուշում է, որ աղետների ժամանակ առավելագույն արդյունքի են հասնում լայն կոնսոլիդացիա ունեցող հասարակությունները, որտեղ գոյություն ունի վստահություն ինստիտուտների և պետության հանդեպ։ Ու հիմա, դեռ կորած չէ հնարավորությունը՝ լրջանալու, ցավոտ, արագ ու օպերատիվ որոշումներ ընդունելու, համախմբելու բոլոր պրոֆեսիոնալներին, ազատվելու ոչ կոմպետենտներից և ձևավորելու ներառական հասարակություն, իշխանություն և պետություն։ Այդ դեպքում որոշումների պատասխանատվությունը կկիսեն բոլորը, հետևանքները կվերացվեն համատեղ։ Հակառակ դեպքում, եթե այսպես շարունակվի, ապա երկրի վարչապետը չի կարողանալու խուսափել իր անգործության հետևանքներից, և պատասխան է տալու ամեն ինչի՝ բանակը կազմաքանդելուց մինչև կորոնավիրուսի վարակը համապետական աղետ դարձնելու համար։ Նա դատվելու է այս երկրի, երկնքի ու պատմության դատարաններում։

Հ.ԳԻրականում երբ աղմուկն անջատում ես, երբ ֆիլտրում ես կատակներն ու անիմաստ լայվ-շոուները, հասկանալի է դառնում, որ այդ ամենը հետևանք է։ Իսկ պատճառը մեկն է. անկարողությունը և իշխանությունը կորցնելու ներքին սարսափը։ Հենց դա է սեփական անձով ամեն ինչ ծածկելու ու լցնելու պատճառը։ Հետևաբար, որքան շատ է խոսում, այնքան ավելի մոտ է ավարտը։ Այսքանը։

Առողջ եղեք, Աստված բոլորիս պահապան»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին