Հունվարի 16-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Հանդիպմանը մասնակցում էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Տեղի ունեցավ մտքերի օգտակար և կառուցողական փոխանակում, ինչն ուղղված էր նաև առավել լայն փոխըմբռնման և փոխվստահության հաստատմանը:
Ավելի քան չորս ժամ տևած հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանը:
Հանդիպման նոր ժամկետները դեռևս հաստատված չեն, այնուամենայնիվ, ԱԳ նախարարները համաձայնեցին առաջիկա ամիսներին շարունակելու հետևողական, նպատակաուղղված շփումները:
Նշենք, որ Փարիզում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ևս մեկ անգամ վերահաստատեց ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներն ու սկզբունքային դիրքորոշումը՝ առանձնահատուկ շեշտելով օգտակար շփումների կարևորությունն առավել մեծ փոխըմբռնում և փոխվստահություն հաստատելու գործում:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին իրենց հանդիպումից հետո տեղի ունենալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ, ինչպես նաև համանախագահների օրացույցում ներառված առաջիկա քայլերի շուրջ։