▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կենտրոնական հարձակվող չունի՞․ Պետրակովն ասում է՝ ես մարզիչ եմ, չեմ կարող խաղացողներ գնել

ՀՖՖ նախագահը մեր առջեւ խնդիր է դրել հաղթել Ազգերի լիգայի մրցաշարում: Ես նույնպես թիմի առջեւ խնդիր եմ դրել հաղթել այս մրցաշարում: Մենք ունենք հրաշալի թիմ, ես տեսնում եմ դրական փոփոխություններ եւ այդ փոփոխությունները ոչ թե իմ՝ մարզիչիս հաջողությունն է, այլ իրենց՝ ֆուտբոլիստների:

Այս մասին նախախաղային ասուլիսում ասաց Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովը՝ խոսելով Ազգերի լիգայի առաջին տուրում Հայաստան - Լատվիա խաղից սպասելիքների մասին:

«Անցած տարի Լատվիայում ես հիվանդացել էի: Հյուրանոցային համարում էի: Այդ օրը մեծ աշխուժություն էր հյուրանոցում, մեծ թվով հայեր կային: Մարզման ընթացքում արդեն զգացի, որ կա մրցակցին թերագնահատելու տրամադրություն: Արդյունքը եղավ այն, որ մենք սպիտակ մարզահագուստով մտանք խաղադաշտ եւ չկեղտոտված մարզահագուստով դուրս եկանք:

Ես ակումբային մարզիչ չեմ, որ կարողանամ հովանավորին խնդրել այս կամ այն հարձակվողին բերել թիմ: Վաղը կտեսնենք, թե ինչպես կխաղանք այդ դիրքում: Անկեղծ կլինեմ, Ռանոսն այս պահին միջին մարզավիճակում է: Ես նրան ասել եմ, որ ակումբային քաղաքացիությունը փոխելուց հետո ես նրան կտամ հնարավորություն, բայց նա նշում է, որ ցանկանում է հաստատվել իր ներկայիս ակումբում: Վաղը պարզ կլինի, թե ով այս դիրքում կխաղա: Չմոռանանք, որ ունենք Արթուր Միրանյան, որը  Հայաստանի լավագույն հարձակվողներից է: Նա այս պահին ակումբ չունի, փնտրտուքների մեջ է:

Մենք ունենք լավ թիմ, պետք է դուրս գալ խաղադաշտ եւ խաղադաշտում ցույց տալ մեր ուժը:

Երեկ ֆեդերացիայի նախագահի հետ հանդիպում եղավ: Նախագահը շատ կարեւորեց Ազգերի լիգայում հաղթանակը եւ հենց այդպիսի խնդիր էլ դրեց մեր առջեւ: Ես նույնպես թիմի առջեւ դրել եմ այդպիսի խնդիր՝ հաղթել այս մրցաշարում, քանի որ սա շատ լավ հնարավորություն է պայքարել աշխարհի առաջնությունում:

Մենք արդեն մի այդպիսի օրինակ տեսանք, թե ինչպես մեր բարեկամ հարեւան Վրաստանը հաջողության հասավ: Ես իմ թիմի առջեւ խնդիր եմ դրել հաղթել այս մրցաշարում: Մենք ունենք հրաշալի թիմ, ես տեսնում եմ դրական փոփոխություններ եւ այդ փոփոխությունները ոչ թե իմ՝ մարզիչիս հաջողությունն է, այլ իրենց՝ ֆուտբոլիստների:

Տիգրան Ավանեսյանը չի հրավիրվել հավաքական իր որոշմամբ: Նա ցանկություն էր հայտնել ինձ հետ խոսելու: Հեռախոսազրույցի ժամանակ հայտնել էր, որ չի ցանկանում միանալ հավաքականին, քանի որ ցանկանում է կենտրոնանալ ակումբում՝ Կալինինգրադի «Բալտիկայի» ելույթների վրա: Նրանց համար կարեւոր շրջան է: Ես նրան պատասխանեցի, որ սա իր որոշումն է, կարող է անել այն, ինչ ցանկանում է, եթե չի ուզում միանալ հավաքականին:

Ավանեսյանն ընդամենը 22 տարեկան է: Նրան կանչել էի, տեսել եմ, որպես մարդ եւ ֆուտբոլիստ լավն է, բայց այնպես չէ, որ որեւէ արտառոց բանով աչքի էր ընկել:

Ինչ վերաբերվում է Տիգրան Բարսեղյանին, կարճ կասեմ՝ ես իմ ընտրությունը կատարել եմ եւ հրավիրել եմ աջ վինգերի դիրքում: Ես իմ ընտրությունն եմ կատարել:

Նորբերտո Բրիասկոյին նախորդ հավաքին հրավիրել էի, երբ նա խաղաժամանակ չէր ստանում: Նա ինձ խնդրել էր խաղաժամանակ տալ եւ նրան տվեցի հնարավորություն: Դրանից հետո նա 4 ամիս չէր խաղացել: Այս հավաքին նրան չհրավիրեցի, քանի որ իր ակումբում վերջին խաղը սեպտեմբերի 3-ին էր եւ Հայաստան կարող էր հասնել սեպտեմբերի 5-ին: Մարդկային տեսանկյունից նա չէր կարողանալու համապատասխան մարզավիճակի գալ: Ես նրան հավատում եմ եւ պատրաստ եմ ցանկացած ժամանակ նրան հնարավորություն տալ»,- ասաց Ալեքսանդր Պետրակովը:

***

Վաղը Լատվիայի հետ ավելի դժվար խաղ է սպասվում, քան անցած անգամ էր «Հանրապետական» մարզադաշտում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը:

«Ամեն պարտություն ծանր է հավաքականում, բայց Լատվիայից կրած պարտությունն ավելի շատ է հիշվում, քանի որ հաղթելու շանսեր ունեինք: Վատ խաղ ստացվեց: Տանը հաղթեցինք, դուրսը պարտվեցինք: Վատ խաղ էր: Այնպիսի խաղ էր, որ պետք է պատվեինք:

Սա նոր էջ է, նոր խաղ, Լատվիան նոր մարզիչ ունի, նոր ֆուտբոլ է խաղում: Վաղը ավելի դժվար խաղ է սպասվում, քան անցած անգամ էր «Հանրապետական» մարզադաշտում:

Ինձ մոտ այնպես է ստացվել, որ 32 տարեկան եմ, բայց արդեն փորձառու պաշտպան եմ հավարվում հավաքականում: Գեորգի Հարությունյանը եւ Ստյոպա Մկրտչյանն արդեն լավ խաղ են խաղում պաշտպանություն:

Կազմում ունենք ֆուտբոլիստներ, որոնք չեն հրավիրվել հավաքական: Հրավիրվել են երիտասարդներ, որոնք պետք է ապացուցեն ինչու են հրավիրվել, ապացուցեն, որ պատրաստ են խաղալ այս մակարդակի վրա: Սա մարզիչի ընտրությունն է, նա այս անգամ նախապատվությունը տվել է երիտասարդներին: Տակտիկապես նույն ֆուտբոլն ենք խաղալու երեք պաշտպանով, որով խաղում ենք արդեն մեկուկես տարի:

Շատ ենք փոխվել: Այժմ ոչ մեկին ոչ գերագնահատել, ոչ էլ թերագնահատել չի կարելի: Բոլորն էլ բարձր մակարդակի ֆուտբոլ են խաղում: Հիմա մեր թիմը փոխված է: Որեւէ մեկին հեշտ հաղթել չի լինում: Պետք է փորձենք վաղը մեր լավագույն խաղը ցույց տալ»,- ասաց Վարազդատ Հարոյան:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին