▲ Դեպի վեր

Հինգշաբթի, 08.05.2025 lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում հաջողության հասնելու համար պետք է ունենալ նաև Ղարաբաղի քաղաքացիություն. Կարեն Հովհաննիսյան

Որոշ ժամանակ առաջ դերասան Կարեն Հովհաննիսյանին հաճախ էինք հանդիպում էկրաններին: Aysor.am-ը նրա հետ զրուցեց` տեղեկանալու իր կյանքում տեղ գտած ստեղծագործական և անձնական նորություների, էկրանային բացակայության պատճառների ու այսօրվա զբաղվածության մասին:

-Կարեն, Ձեզ մի շրջան հաճախ էինք հանդիպում ֆիլմերում, սերիալներում: Ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանի պասիվությունը:

-Դա այդքան էլ այդպես չէ. տարբեր ֆիլմերից ունենում եմ հրավերներ, թեև, հիմնականում, երկրորդական դերերով: Իսկ վերջին շրջանի պասիվությունս կապված է ավտովթարի հետ, որից, անկեղծ ասած` հրաշքով փրկվեցի: Հիմա ստիպված եմ շատ հրավերներ և գործնական առաջարկներ մերժել, քանի որ առողջական վիճակս դեռևս թույլ չի տալիս աշխատել:

-Ե՞րբ է եղել, ի՞նչ ավտովթար:


-Երկու ամիս առաջ ավտոմեքենայով կողաշրջվել եմ:

-Ձեզ շուտափույթ ապաքինում եմ մաղթում… Դուք այսօր նաև որևէ թատրոնում հաստատված չեք: Ինչո՞ւ:

-Թատրոն մտում են ոչ թե աշխատելու, այլ թատրոնով ապրելու: Գաղտնիք չէ, որ չնայած թատրոնում դերասանը ծախսում է ժամաակի մեծ մասը, բայց ստանում է չնչին աշխատավարձ: Ինչպե՞ս եք պատկերացնում թատրոնի աշխատավարձով ընտանիք պահելը:

-Ֆիլմեր հաճախ չեն նկարահանվում, բնականաբար, «պարապ» ժամանակ շատ եք ունենում…

-Կարելի է ասել` ազատ ժամանակ գրեթե չեմ ունենում: Փոքր բիզնես ունեմ, որին տրամադրում եմ ժամանակիս մեծ մասը: Դրան զուգահեռ` որպես հանդիսավար անցկացնում եմ կորպորատիվ երեկոներ, միջոցառումներ, հարսանիքներ: Նաև զբաղվում եմ էքստրեմալ ավտոսպորտով… Մնացած ժամանակս անցկացնում եմ ընտանիքիս հետ:

-Շատերն այսօր թատրոնից հրաժարվում են ցածր աշխատավարձի պատճառով: Փաստորեն, Ձեր դեպքո՞ւմ էլ թատերական «անգործությունը» դրանով է պայմանավորված:

-Թերևս` այո: Ցավալի է, բայց Հայաստանում կա ապրելու, գոյատևելու խնդիր, որի պատճառով շատ դերասաններ ստիպված լքում են թատրոնը` փորձելով իրենց գտնել այլ բնագավառներում: Չէ՞ որ ոչ մի ծնող չի ցանկանում իր երեխային տեսնել սոված, կամ պատռված հագուստով:



-Որպես դերասան, ինչպե՞ս եք գնահատում հայկական կինոոլորտի գործունեությունը:

-Չեմ կարող միանշանակ պատասխանել: Լինելով այդ բնագավառում` տեսնում եմ կինոոլորտի և́ թերությունները, և́ դժվարությունները, ինչու ոչ` նաև առավելությունները: Ուրախացնող փաստ է, որ կա ինտուզիազմ, ցանկություն: Ամեն դեպքում, հայկական կինոն բարձր մակարդակի հասցնելու համար դեռ շա~տ-շա~տ անելիքներ կան:

-Կարեն, ինքներդ ի՞նչը կբացառեիք մեր սերիալներում և ֆիլմերում:

-Նախ և առաջ սերիալը պետք է ասելիք ունենա, որ ինչ-որ բան բացառես: Ինձ հաճախ թվում է, որ հայկական սերիալներում միայն վերնագիրն է փոխվում, սյուժեն նույնն է, գործողությունները կատարվում են նույն վայրերում, նույն դերակատարներով: Ամեն դեպքում, պետք է բացառել մոնոտոնությունը և միապաղաղությունը: Ինչ վերաբերում է գեղարվեստական ֆիլմերին, կարծում եմ, որակյալ և ստացված ֆիլմ նկարելու համար պետք է լինի հստակ բյուջե, պրոֆեսիոնալ ստեղծագործական, տեխնիկական և դերասանական անձնակազմ:

-Ասում են, հաջողված ու հաջողակ դերասան լիելու համար պետք է լինել համբերատար, կենսախինդ և լավատես… Այդպե՞ս է:

-Հայաստանում ցանկացած ոլորտում հաջողության հասնելու համար պետք է ունենալ նաև Ղարաբաղի քաղաքացիություն (ծիծաղում է):

-Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին: Ի՞նչ մասնագետ է Ձեր կինը:

-Ընտանիքս կյանքիս ամենալուսավոր, ամենապաշտելի սրբությունս, կյանքիս մեծագույն պարգևն է: Ունեմ երկու որդի, սիրելի կին: Կցանկանայի, որ բոլոր հայ ընտանիքներում լիներ նույնքան սեր, փոխըմբռնում և փոխադարձ հարգանք:

-Արվեստի աշխարհի մարդկանց կյանքը, առօրյան առավել ազատ է, իսկ հայ կանայք որքան համբերատար, այնքան էլ խանդոտ են: Ձեր մասնագիտության հետ կապված խնդիրներ չե́ն առաջանում ընտանիքում:

-Սկզբնական շրջանում նման բան կար, բայց հետզհետե փոխադարձ վստահություն ձևավորվեց: Նման դեպքերում խանդը մղվում է երկրորդ պլան (Ժպտում է):

-Ինքներդ խանդին ինչպե՞ս եք վերաբերում:

-Կարծում եմ, չափավոր խանդը նույնիսկ պարտադիր է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին