Աշխատասիրության ամենաբարձր աստիճանը հայ ժողովրդի առանձնահատուկ հատկություններից մեկն է, «Ամերիկայի Ձայնին» պատմել է Սիլիկոնի հարթավայրից ընտրված կոնգրեսական Աննա Էշուն: Աննա Էշուն, ում մայրը հայ էր, իսկ հայրն՝ ասորի եւ ով համարում է դա հիանալի միասնություն, հիշեցնում է, որ իր ընտրատարածքը Միացյալ Նահանգների տեխնոլոգիապես ամենազարգացած վայրն է.
«Իմ կոնգրեսական ընտրատարածքը իրոք երկրում ամենաականավորն է, քանի որ այն նորարարությունների հայրենիքն է: Այն Սիլիկոնի հարթավայրն է, որն անչափ մեծ նշանակություն ունի Ամերիկայի եւ ողջ աշխարհի տնտեսության համար»:
Անդրադառնալով իր հայ արմատներին, Աննա Էշուն ավելացնում է, որ դարեր շարունակ հայկական առանձնահատկություններն են եղել աշխատասիրությունն ու հավատքը: Նրա խոսքով, հայ ժողովուրդն ունի արտակարգ աշխատանքային էթիկա եւ հայերի միակ աշխատաոճը ջանասիրությունն է:
«Երբ գործդ սկսեցիր, կանգ չես առնում, մինչեւ չավարտես՝ սա է մեր աշխատաոճը: Եւ մեր ժողովուրդը ունի եւս մեկ հատկանիշ՝ մենք երբեք չենք վախեցել անհաջողություններից, ու չնայած դրանց, շարունակել ենք առաջընթացը»:
Խորը հավատը հայերի մեկ այլ առանձնահատկություն է, որը կոնգրեսականի խոսքով, հայ ժողովրդին է շնորհված Աստծո կողմից. «Չեմ կարծում, որ մեզ կհաջողվեր փրկվել եւ դիմակայել անցյալի բոլոր փորձությունները, եթե չունենայինք այդ հավատքը, հավատք, որը մեր ժողովուրդը սերնդե սերունդ է փոխանցել»:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին`Աննա Էշուն նշեց, որ խորապես հիասթափված է, որ Միացյալ Նահանգները դեռեւս չի ճանաչել Ցեղասպանության փաստը. «Իմ երկիրը դեռեւս Հայոց ցեղասպանության փաստը չի ճանաչել. երբ սա ասում եմ, շունչս կտրվում է»:
Աննա Էշուն հիշեցրեց, որ հայկական արմատներ ունեցող մեկ այլ կոնգրեսականի՝ Ջեքի Սփիրի հետ նամակ են ուղղել գործընկերներին, կոչ անելով հատուկ լսումներ կազմակերպել Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման վերաբերյալ: